Հայ և թուրք գործարարները նախատեսում են սեպտեմբերին հանդիպել Երևանում – armeniatoday.am

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարները թուրք գործարարների հետ հանդիպել են Վանի առևտրաարդյունաբերական պալատում և ծրագրել հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում, տեղեկանում ենք Ermenihaber-ից։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը հայտարարել է, որ սեպտեմբերին կարևոր հանդիպում կանցկացնեն Երևանում՝ թուրք գործընկերների մասնակցությամբ։ «Սպասում ենք հյուրեր Կարսից, Իգդիրից և Վանից։ Քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ»,- նշել է նա։

Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ քննարկվում է եպտեմբերին կայանալիք հանդիպման համար թուրք հյուրերին ողջունել Ալիջանի սահմանային անցակետում։ «Սա խորհրդանշական մուտք կլինի։ Առաջին մուտքը կկատարեն գործարարները»,- նշել է նա։
Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն իր հերթին հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները՝ խաղաղության, բարօրության և համերաշխության համար։

«2014-ից ի վեր մենք աշխատում ենք այս հեռանկարը հաշվի առնելով՝ զարգացնելով հարաբերությունները, իրականացնելով առևտուր և հեշտացնելով այցելությունները մեր արևելյան հարևանների հետ»,- շեշտել է Թաքվանը։

Թուրքական լրատվամիջոցները 2026 թվականի հունվարին հայտնել էին հայ-թուրքական սահմանի «Ալիջան» սահմանային անցակետի աշխատանքների՝ 90%-ով ավարտված լինելու մասին։

2025 թվականի դեկտեմբերին անցակետի թուրքական կողմում հայտարարվել էր նախապատրաստական ​​աշխատանքների մասին, որոնք ուղղված են դրա սկզբնական բեռնափոխադրումների, ապա ուղևորափոխադրումների բացմանը։ Այս քայլերը տեղի են ունենում դիվանագիտական ​​շփումների և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման վերաբերյալ քննարկումների ֆոնին։

Leave a Comment