Էրդողանի ջղաձիգ արձագանքը

Հունիսի 30-ին Անկարայում կայացած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արձագանքելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշմանը, հայտարարել է. «Մեր հազարամյա փառահեղ պատմության մեջ ցեղասպանության, կոտորածի, ճնշման կամ գաղութատիրության ոչ մի հետք չկա»։

Թուրքիայի նախագահը նաեւ պնդել է, թե երկրի պատմությունը լի է միայն արդարության, ողորմածության եւ բոլոր ճնշվածներին աջակցելու օրինակներով՝ անկախ նրանց կրոնից, ազգությունից կամ ինքնությունից։

Էրդողանի՝ պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով Իսրայելի նախաձեռնությունը բնութագրվել էր որպես «չարամիտ քայլ»։

Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական հետապնդումներից, մասնավորապես Գերմանիայից եւ Ավստրիայից, Թուրքիայում ապաստանած հրեա փախստականների պատմությանը՝ Էրդողանը կրկին ներկայացրել է այդ դրվագը չափազանցված եւ ընտրովի մեկնաբանությամբ՝ հայտարարելով. «Մեր պատմության մեջ կա նացիստական բռնաճնշումներից փախածներին ապաստան տալու եւ աջակցելու առաքինություն, որի մասին բոլորից լավ գիտեն նրանք, ովքեր զրպարտում են Թուրքիային՝ Գազայում իրենց հանցագործություններն ու վայրագությունը թաքցնելու համար»։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Leave a Comment