Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Կատար

Մերձավոր Արևելքի հարցերով Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներն այսօր ժամանել են Կատար։ Այս տեղեկատվությունը հաստատել է միապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ալ Անսարին։

Կատարցի պաշտոնյայի խոսքով, սակայն, ամերիկյան պատվիրակության ժամանումը Դոհա Իրանի ներկայացուցիչների հետ ուղղակի բանակցություններ չի ենթադրում։

«ԱՄՆ և Իրանի միջև բարձր մակարդակով հանդիպումներ նախատեսված չեն։ Տեխնիկական բնույթի քննարկումները կողմերի միջև շարունակվում են տարբեր ձևաչափերով», – նշել է Ալ Անսարին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հարցով հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում։

«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը Դոհայում», – սոցիալական ցանցերում գրել էր Թրամփը:

Leave a Comment