Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս բժշկական ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի, մատուցվել է 8 միլիոն 399 հազար 491 ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 միլիարդ դրամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ներկայում համակարգի շահառուների թիվը հասել է շուրջ 1 միլիոն 700 հազարի։
Նա հավելել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայությունների վարորդները, ինչպես նաև բոլոր գրանցված աշխատողները՝ անկախ աշխատավարձի չափից։
2028 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է համակարգում ներառել արդեն բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ուսանողներին և այլ խմբերի։
«Նպատակն է առողջության համընդհանուր ապահովագրությամբ ընդգրկել շուրջ 3 միլիոն բնակչի, իսկ նույն ժամանակահատվածից պետական պատվերի ծրագիրը հիմնականում կդադարեցվի՝ ամբողջությամբ անցում կատարելով նոր համակարգին»,-նշեց նախարարը։