Սրբուհի Գալյանը հերքել է խոսակցությունները, թե IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգի ներդրման նպատակը հասարակությանը նկատմամբ վերահսկողություն սահմանելն է

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Հայաստանում IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգի ներդրման նպատակը հասարակությանը նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։

Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ համակարգի ներդրման նպատակը ապօրինի ճանապարհներով բջջային հեռախոսների մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելն է։

«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար, և մենք հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ։ Կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պետք է փարատվեն։ Եվ պետք է վերադառնանք նախագծի նպատակին. դրա նպատակը բացարձակապես որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սրբուհի Գալյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունիսի 25-ի նիստում հավանություն էր տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է Հայաստանում IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգ ներդնել, ինչի  արդյունքում բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված հեռախոսները։

 

 

Leave a Comment