2027թ․ հունվարի 1-ից Առողջության ապահովագրության համակարգը ավելի կընդլայնվի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեզ միանալու են նոր խմբեր՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, բոլոր գրանցված աշխատողները։ Ունենք խմբեր, որոնց մասով ևս քննարկում պետք է անցկացնենք, որոնք ևս պետք է մտնեն 100% սուբսիդավորվող քաղաքացիների շարքին»,- նշեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը անդրադարձավ ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլին։ «Կարող ենք ասել, որ առողջության ապահովագրության համընդհանուր համակարգի առաջին՝ ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք, անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 մլն անձի ապահովագրությունը: Ուրախ եմ, որ բժշկական կենտրոնների կողմից ապահովագրական համակարգին միանալու գործընթացը բավականին սահուն անցել ենք»,- նշեց նախարարը:
Իրականացրած և մատուցած ծառայությունների ծավալները նախարարը ներկայացրեց թվերով: «Ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի մեկից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար հոգի է:
2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 մլն բնակչությանը ներառել ապահովագրության ծրագրի մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: 2028 թվականի հունվարից արդեն պետական պատվերը, որպես բյուջետային ծրագիր, արդեն կավարտվի:
1 միլիոն 700 հազար հոգուց ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ: Սա բավականին մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե՛ կանխարգելիչ, թե՛ սքրինինգային, թե՛ ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու, բժշկական ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել: Մատուցված ծառայությունների թիվը 8 մլն 399 հազար 491 է:
Ընդհանուր 97.4 մլրդ դրամի կատարողական ենք ունեցել»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ասաց, որ մինչ ընտրությունները հանրության շրջանում անընդհատ արհեստականորեն տարածվող լուրերը, թե, իբր, առողջության ապահովագրությունը կգործի մինչև ընտրությունները և դրանից հետո չեղարկվելու է, իրենց ազդեցությունը ունեցել են դիմելիության աճի վրա:
«Մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային վարքագիծ կա, որ հնարավորինս արագ ստանան ծառայություններ՝ վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության բարեփոխումը կանգ առնի: Նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողությունների ընդլայնման և այլն, մենք կարողացանք դիմակայել այս դիմելիությանը, կառավարել և այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք:
Նշեմ, որ այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք դիմելիության որոշակի կայունություն: Սա ևս ցույց է տալիս, որ այդ մայիսի վարքագիծը ինչ-որ առումով արհեստականորեն ուռճացված էր, հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:
Մանրամասները տեսանյութում։