Ընտրողների իրարամերժ թիվը՝ ընտրության օրվա առանցքում

Հունիսի 7-ին՝ ԱԺ հերթական ընտրությունների օրը, երկու տարբեր կառույցների հրապարակած ընտրողների թվաքանակներն իրարամերժ էին, ինչը որոշակի մտահոգության տեղիք էր տվել սոցիալական հարթակներում։ 

Առաջին անգամ իրարմերժ թվերին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ընդգծելով, որ հրապարակված տվյալների միջեւ առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն։

«Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ և պահանջում է հստակ ու սպառիչ բացատրություն։ Հարց է առաջանում՝ ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն»,-գրել էր նա։

Ներքին գործերի նախարարությունը՝ ընտրողների թվաքանակի վերաբերյալ

ՀՀ ներքին գործերի նախարարությունն հայտնել էր, որ 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված ԱԺ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա՝ հունիսի 6-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 485 հազար 851։

«Իրազեկում․ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, նախընտրած վայրի, և հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: 

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8»,- հունիսի 6-ին հայտնել էր ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

ՆԳ նախարարության այս տվյալները հրապարակեցին նաեւ մի շարք զանգվածային լրատվամիջոցներ (1, 2, 3,)

Ընտրողների թիվը՝ ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

Հունիսի 7-ին՝  ընտրությունների օրը, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել էր մասնակցության մասին տվյալներ, ընտրողների ընդհանուր թիվ նշվում էր՝  2 միլիոն 503 հազար 976։

Ի դեպ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունում հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվ նշված է՝ 2 մլն 503 հազար 981։

Այսպիսով, ՆԳՆ հրապարակած (2.485.851) եւ ԿԸՀ-ի արձանագրությունում ներառված (2.503.981)  ընտրողների թվաքանակի միջեւ տարբերությունը 18 հազար 130 է։

Ընտրողների թվի տարբերության խնդիրը՝ ըստ ԿԸՀ-ի

Հունիսի 10-ին ԿԸՀ-ը «2026թ․ հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերության» վերաբերյալ» վերտառությամբ հաղորդագրություն տարածեց՝ անդրադառնալով հանրության շրջանում տարածված մտահոգությանը։

«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն իրազեկեց, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝  Ընտրական օրենսգրք) 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քվեարկության նախորդ օրը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։

Սակայն, գոյություն ունեն ընտրողների մի շարք այլ ցուցակներ, որոնք կազմվում են այլ իրավասու մարմինների կողմից, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ընտրողների, ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող ընտրողների, զորամասերում կազմվող ընտրողների, քվեարկության օրը տեղամասային կենտրոնում կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների ցուցակները։

Նշված տվյալները ներառվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմվող քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններում, բայց չեն կարող արտացոլվել լիազոր մարմնի կողմից հրապարակվող տվյալներում։

Կրկին հիշեցնում ենք, որ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չեն։ Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները ԸԸՀ նախագահներին տրամադրվում են քվեարկության օրվանից 3 օր առաջ փակ և կնքված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ այն պահին, երբ ընտրական տեղամաս են այցելում զորամասի ցուցակում ընդգրկված ընտրողները:

Հաշվի առնելով վերոգրյալը  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից»,-ընտրություններից 3 օր անց հրապարակել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Անի Մկրտչյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։ 

Leave a Comment