Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադարձել է Սահմանադրական դատարանում ընթացող ընտրությունների արդյունքների վիճարկման գործին՝ ընդգծելով, որ նախարարությունը հանդես է գալիս որպես երրորդ կողմ և ներկայացնում է բացառապես իր իրավական դիրքորոշումը, մինչդեռ վերջնական գնահատականը տալու է դատարանը։
«Մենք երրորդ կողմ ենք, մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի ներկայացրած փաստարկները բովանդակային առումով էական տարբերություններ ունեն, ինչի հետևանքով նախարարության գնահատականներն էլ տարբեր են։
««Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների փաստարկները գրեթե նույնանում են, իսկ «Հանուն Հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչների ներկայացրած փաստարկները բովանդակային առումով տարբերվում են»,- ասել է նա։
Գալյանի խոսքով՝ նախարարությունը համաձայն է այն պնդումների հետ, ըստ որոնց ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքեր են արձանագրվել։
«Նրանք ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել։ Մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք»,- ընդգծել է նա։
Միաժամանակ, ըստ նախարարի, ընտրակաշառքի առկայությունը դեռևս ինքնին չի նշանակում, որ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։
«Մենք համաձայն չենք այն պնդման հետ, որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անվավերության։ Մեր դիրքորոշումն այն է, որ անվավերության հանգեցնող հիմքեր որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն»,- ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ ընտրակաշառքի յուրաքանչյուր դեպք պետք է ստանա իրավական արձագանք։
«Ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից։ Մենք ականատես ենք, որ ստացել են կամ շարունակում են ստանալ, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, եթե անձի մեղքը հաստատվում է, նա պետք է արժանանա քրեական ամենախիստ պատասխանատվության»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սահմանադրական դատարանում դեռևս քննվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործը, սակայն իշխող քաղաքական ուժն արդեն ձևավորում է Ազգային ժողովի ղեկավար կազմը և նախապատրաստվում կառավարության ձևավորմանը, նախարարը նշել է, որ այդ գործընթացը լիովին համապատասխանում է գործող իրավական կարգավորումներին։
«Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվել»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժի ներսում ընթացող պաշտոնների ընտրության գործընթացը ժողովրդավարական մեխանիզմի դրսևորում է։
«Այն, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են»,- նշել է նախարարը։
Նախարարն ավելացրել է, որ բնական է համարում նաև այն, որ մյուս քաղաքական ուժերը քննարկում են խորհրդարանական մանդատները ստանձնելու կամ չստանձնելու հարցը՝ ընդգծելով, որ նման գործընթացները հերթական ընտրություններից հետո քաղաքական բնական զարգացումներ են։