Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց հաշվառումից հանելու և ազատազրկման ընթացքում հաշվառման վերցնելու կարգը։»Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1599-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), ի թիվս այլնի, սահմանվել են թմրամոլներին հաշվառումից հանելու հիմքերը։ Մասնավորապես, Որոշման հավելվածով սահմանված կարգի (այսուհետ՝ Կարգ) 11-12-րդ կետերի համաձայն՝
«11. Թմրամոլները հաշվառումից հանվում են`
1) բժշկական դիտարկմամբ օբյեկտիվ հաստատված 5 տարի կայուն ռեմիսիայի (լավացման) դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս թմրամոլի` որպես քաղաքացու հաշվառվելու դեպքում` քաղաքացու անձնագրում համապատասխան գրառման առկայության դեպքում.
3) մահվան դեպքում:
12. Թմրամոլները հաշվառումից հանվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում:»։
Անդրադառնալով թվարկված հիմքերից վերջինին՝ հարկ է նշել, որ թեև Կարգով նախատեսվել է, որ թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում հանվում է հաշվառումից, այնուամենայնիվ, որևէ ձև չի կարգավորվել այն, թե որ մարմնի կողմից և ինչ ընթացակարգով է նշված տեղեկատվությունը հասանելի դառնում համապատասխան տարածքն սպասարկող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությանը, որն էլ իրավասու է անձին հանելու հաշվառումից։
Վերոշարադրյալի պայմաններում պետք է արձանագրել, որ նման կարգավորումների բացակայությունը գործնականում հանգեցնում է Կարգի 12-րդ կետի պահանջներն անկատար թողնելուն։
Բացի այդ, Որոշմամբ չեն կարգավորվել անձին ազատազրկման պայմաններում հաշվառման վերցնելու հարաբերությունները։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվում է Որոշման մեջ կատարել լրացում և սահմանել, որ եթե թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման, ապա այդ տեղեկատվությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվում է համապատասխան տարածքն սպասարկող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությանը՝ թմրամոլին հաշվառումից հանելու համար։ Ընդ որում, տեղեկատվությունը տրամադրվում է ստանալուց հետո եռօրյա ժամկետում։ Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձը վերցվում է հաշվառման Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները, որպիսի պայմաններում կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1599-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետի պահանջի կատարումը։ Բացի այդ, կկարգավորվեն անձին ազատազրկման պայմաններում հաշվառման վերցնելու հարաբերությունները։
Նախագծի մշակաման գործընթացում ներգրավված ինստիտուտները․
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային իրավական ակտերում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է բացառապես իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։