Մայիսի 26-ին Դիլիջանի «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում կազմակերպեց իրազեկման հանդիպում՝ ուղղված ընտրական գործընթացների վերաբերյալ քաղաքացիների գիտելիքների ընդլայնմանը և մեդիագրագիտության խթանմանը։ Հանդիպման բանախոսներն էին լրագրող Լամարա Թևոսյանը, իրավաբան Զարուհի Խաչատրյանը և քաղհասարակության ներկայացուցիչ Օֆելյա Հակոբյանը:
Միջոցառմանը մասնակցում էին առաջին անգամ ընտրողներ, երիտասարդներ և տարբեր տարիքային խմբեր ներկայացնող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ, որոնք հետաքրքրված էին ընտրական գործընթացներով և հանրային մասնակցության թեմաներով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ընտրական իրավունքի հիմնական սկզբունքներին, ընտրությունների ընթացքում քաղաքացու դերին ու պատասխանատվությանը, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնք կարող են ազդել քաղաքացիների ազատ և տեղեկացված ընտրության վրա։ Առանձին քննարկվեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածության նշանակությունը, տեղեկատվական անվտանգության հարցերը և ապատեղեկատվության ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման գործընթացում։ Մասնակիցներից մեկը նշեց,- «Պապիկս շատ է սիրում քաղաքական նորությունների հետևել ու հաճախ ապատեղեկատվության զոհ է դառնում, վերջերս մի տեսանյութ էր տեսել, որտեղ իբրև Ալիևը ասում էր՝ եթե Փաշինյանը չընտրվի, պատերազմ է լինելու, ու բոլորիս հավատացնում էր, որ դա ճշմարտություն է»:
Դասընթացավարները ներկայացրին գործնական քայլեր՝ ինչպես տարբերակել հավաստի և կեղծ տեղեկատվությունը, գնահատել տեղեկատվական աղբյուրների վստահելիությունը և խուսափել մանիպուլյատիվ բովանդակության ազդեցությունից։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև փաստերի ստուգման մի շարք գործիքների և տեղեկատվության վերլուծության արդյունավետ մեթոդներին։
Հանդիպումն անցկացվեց բաց քննարկման ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, փոխանակվել կարծիքներով և կիսվել սեփական փորձով։ Ակտիվ քննարկումներ ընթացան, երբ մասնակիցները պատմեցին նախկինում ականատես եղած կամ լսած ընտրակաշառքների մասին: Քննարկումների ընթացքում շեշտադրվեց, որ ընտրական գործընթացներին գիտակցված մասնակցությունն ու մեդիագրագիտության զարգացումը կարևոր պայմաններ են ժողովրդավարական արժեքների ամրապնդման և պատասխանատու քաղաքացիական վարքագծի ձևավորման համար։ Մասնակիցներից մեկը նշեց, որ ինքն էլ չէր ցանկանում մասնակցել ընտրություններին, բայց արդեն գործընթացը իրեն հետաքրքիր է թվում և ուզում է՝ իր ձայնն էլ նշանակություն ունենա։ Նրա հետ հանդիպեցինք նաև ընտրություններից հետո, ասաց, որ մասնակցել է և ավելին՝ մասնակցության համար խրախուսական նվեր է ստացել:
Միջոցառման ավարտին մասնակիցները նշեցին, որ նման հանդիպումները նպաստում են ոչ միայն ընտրական իրավունքի վերաբերյալ գիտելիքների խորացմանը, այլև զարգացնում են տեղեկատվությունը քննադատաբար գնահատելու կարողությունները։ Նրանք հնարավորություն ստացան համալրելու իրենց գիտելիքները, ստանալու գործնական տեղեկատվություն և բարձրացնելու ընտրական ու մեդիա գրագիտության մակարդակը։
Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Լամարա Թևոսյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։