Ինչպես բնորոշ են ընտրական գործընթացներին, ընտրողների վրա տարբեր նպատակներով իրականացվում են հոգեբանական ճնշումներ, դրանցից մեկն էլ կարող էլ լինել ապատեղեկատվության տարածումը։
Ցանկացած երկրում ընտրության ընթացքում ամենատարածված մեթոդներն են՝ զգացմունքային խոսույթ, խոսքի համատեքստի խեղաթյուրում և աղավաղում, արհեստական բանականության գործիքներով ստեղծված արտադրանք՝ պատկեր, խոսք, ձայնագրություն, տեսաձայնագրություն։
Ապատեղեկատվությունը կեղծ, խեղաթյուրված, միտումնավոր և մոլորեցնող տեղեկատվությունն է, որը տարածվում է մարդկանց կարծիքի, վարքի կամ որոշումների վրա ազդելու նպատակով։ Այն այսօր արագ է տարածվում հատկապես սոցիալական հարթակներում՝ տեսանյութերի, կեղծ կայքերի ու արհեստական բանականության գործիքներով։
Ապատեղեկատվությունը կարող է դրսևորվել տարածվող նյութերի վերնագրերում, պատկերներում․․․․ Ինչու՞ է այս ամենն առավելապես վտանգավոր դառնում հատկապես երիտասարդների համար։
Երիտասարդները սոցիալական ճնշման նկատմամբ ավելի զգայուն են դառնում
Երիտասարդների մեծ մասը տեղեկությունները ստանում է սոցիալական ցանցերից, միաժամանակ տարածում ստացված տեղեկությունները։ Նրանք հատկապես այս հարթակներում՝ Facebook, Instagram, TikTok, YouTube ոչ միայն ինֆորմացիա սպառող են, այլև՝ ինֆորմացիա արտադրող։
Ապատեղեկատվությունը հարթակների օգտատերերի մոտ կարող է առաջացնել վախ, անհանգստություն, ատելություն, անվստահություն ինչ-որ մարդկանց, խմբերի, երևույթների նկատմամբ։
Ապատեղեկատվությամբ կարելի է ազդել նաև երիտասարդների քաղաքական, սոցիալական կամ մշակութային հայացքների վրա։ Ապատեղեկատվության տարածումն հաճախ նպատակ ունի վարկաբեկելու, ծաղրելու, մեկուսացնելու անցանկալի մարդկանց, երևույթները։
22-ամյա շինարար Գևորգն ասում է, որ սոցիալական հարթակներում տարածվող տեղեկություններն իրարամերժ են։ «Այսօր մի բան են գրում, վաղը լրիվ հակառակը։ Մեկը գովաբանում է, մյուսը փնովում։ Ու՞մ հավատաս։ Տեղեկատվության ոչ մի աղբյուր վստահություն չի ներշնչում։ Երեւի չգնամ ընտրության»,-ավելացնում է նա։
19-ամյա ուսանողուհի Անին ևս հաճախ է սոցիալական հարթակներն օգտագործում տեղեկություն ստանալու նպատակով։
«Վերջերս Facebook-ում լուր կարդացի այն մասին, թե իբր հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ոչ միայն նոր ռազմատեխնիկայի ու կենդանի ուժերի կուտակումներ են նկատվում, այլև իբր թե դրանք տեղաշարժվում են ՀՀ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ։ Մեր տանը խուճապ սկսվեց։ Սակայն որոշեցինք հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Արդյունքում պարզվեց, որ տարածվող տեղեկությունը կեղծ էր»,-պատմում է Անին։
«Կա մի հետաքրքիր հանգամանք։ Երիտասարդ ընտրողներն ավելի մեդիագրագետ են մյուս տարիքային խմբերից, սակայն խիստ պասիվ են։ Նրանք կարծում են, որ իրենցից ոչինչ կախված չէ»,-երիտասարդների մեդիագրագիտության և ընտրական գործընթացներում ներգրավման հարցին անդրադառնալիս՝ ասում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Գյումրի․ բնակարանաշինության մասին տարածվող լուրերը նախընտրական շրջանում
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ընդգծում է՝ Շիրակի մարզում տարածվող ապատեղեկատվությունն իր բնույթով չի տարբերվում մյուս մարզերում տարածվողներից, սակայն երբեմն նկատվում են իրականացված այս կամ այն աշխատանքների «սեփականացում»։ Օրինակ, Գյումրիում իրականացված բնակարանաշինությունը փորձ է արվում ներկայացնել կոնկրետ անձի ձեռքբերում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ բնակարանաշինությունն իրականացվել է կոնկրետ հիմնադրամի միջոցների հաշվին։
Բարսեղյանը կեղծ խոսույթների օրինակ է նշում և ասում՝ հատկապես ակտիվ է, այսպես կոչված, սև ապատեղեկատվության տարածումը՝ մարդկանց շրջանում վախ ու շփոթություն առաջացնելու նպատակով։ Օրինակ՝ եթե չընտրեք այս, ոչ թե այն քաղաքական ուժին, ապա այսինչ երկիրը մատակարարվող ապրանքատեսականին կթանկացնի, իսկ այնինչ երկիրը կսպառնա մեր երկրին պատերազմով։
Մեդիագրագիտության մակարդակի բարձրացում և քննադատական մտածողության պահանջ․ինչպե՞ս դիմակայել
Ամբողջ աշխարհում մեդիագրագիտության ու քննադատական մտածողության սկզբունքներով առաջնորդվելը դարձել է անհրաժեշտություն։
Հայաստանում, հատկապես վերջին 6 տարում, պետական, միջազգային կառույցների ծրագրերում կարևորվում է ապատեղեկատվության դեմ պայքարն ու այդ պայքարին ուղղված գործիքների տարածումը։ Թե որքանով է այս պայքարն իր արդյունքն ապահովել, դեռևս անհայտ է։ Որոշ լրատվամիջոցներ, ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում, իրականացնում են ապատեղեկատվության հայտնաբերման, վավերացման գործառույթներ, հրապարակում ու համադրում են կեղծ, մոլորեցնող, ստույգ, փաստական տեղեկությունները, փաստաթղթերը։
ՀՀ վարչապետի աշխատակազմը պատրաստել և հրապարակել է «Ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն. Իրազեկող ուղեցույց ընտրական գործընթացում» ձեռնարկը։
Ինչպես հրապարակված է կենտրոնի կայքում, փաստաթղթի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը այն մանիպուլյատիվ արշավների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն խարխլել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և ապալեգիտիմացնել ժողովրդավարական գործընթացները։ Ուղեցույցում մանրամասն ներկայացվում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) էությունը, որն իրենից ներկայացնում է արտաքին դերակատարների կողմից իրականացվող համակարգված և մանիպուլյատիվ վարքագիծ։
Ուղեցույցում կարևորվել է Stugel.am հարթակը, որն օգտագործելով բնական լեզվի մշակման (NLP) և լեզվական մեծ մոդելների (LLM) հնարավորությունները, իրական ժամանակում վերլուծում է պատկերների, տեսանյութերի ու տեքստերի հավաստիությունը։
Հարթակը հնարավորություն է տալիս ստուգել տեքստային, լուսանկարային և տեսանյութային կոնտենտը։ Այն նախատեսված է լայն օգտագործման համար և ուղղված է տեղեկատվության վերիֆիկացիայի գործընթացի հասանելիության բարձրացմանը։
Ներկայացված մոտեցման հիմքում ընկած է կանխարգելիչ գործիքակազմի ձևավորումը։ Ըստ ներկայացվածի՝ ապատեղեկատվության տարածման պայմաններում միայն արձագանքային մեխանիզմները բավարար չեն, և պահանջվում է նաև նախնական ստուգման հնարավորություն։
Հարթակի հիմնական գործառույթները ներառում են երեք ուղղություն՝ տեքստային բովանդակության ստուգում, պատկերների վերիֆիկացիա և տեսանյութերի վերլուծություն։
Այսպիսով, STUGEL.am—ը վերլուծում և հայտնաբերում է մեդիա բովանդակության մեջ առկա մանիպուլյացիաները, կեղծիքներն ու արհեստական բանականության (ԱԲ) միջոցով գեներացված վիզուալ կոնտենտը։
Յուրաքանչյուր փաստի ստուգում ավարտվում է հինգ եզրակացության մակարդակներից մեկով՝ հաստատված, մեծամասամբ ճիշտ, մոլորեցնող, հերքված․ ստուգել հնարավոր չէ։
Եզրակացությունը որոշվում է AI մոդելի կողմից՝ հիմնվելով գտնված ապացույցների վրա։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Վաղարշակ Նախշքարյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։