Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը Դոհայում», – սոցիալական ցանցերում այսօր գրել է նախագահ Թրամփը:

Ավելի վաղ «Ազատությանը» ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձ հարձակումները, կրկին հանդիպել՝ բանակցելու, ինչպես նաև թույլ տալ նավերի անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցով.

«Տեխնիկական բանակցությունները նախատեսվում են շարունակել [փոխըմբռնման հուշագրի] բոլոր ուղղություններով։ Երկու կողմերն էլ առժամանակ կդադարեցնեն ռազմական գործողությունները, և նավերը կարող են ազատորեն տեղաշարժվել [նեղուցով]», – նախօրեին ուշ երեկոյան հայտնել է պաշտոնյան։

Reuters-ի աղբյուրն էլ հաղորդել էր, որ տեխնիկական հարցերով խմբերի հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Դոհայում:

Այսօր, սակայն, «Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդեց՝ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի շրջանակում տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպումներն այս շաբաթ նախատեսված չեն:

Leave a Comment