Թուրքիայից շարունակում են քննադատել Իսրայելի որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի իշխանությունների որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։

«Այն, որ Իսրայելի ղեկավարությունը, որն իրականացրել է 21-րդ դարի ամենադաժան կոտորածն՝ առանց վարանելու սպանելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների, համարձակվում է պատմական իրադարձություններն օգտագործել որպես քաղաքական զենք, ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն»,- նշել է նա։

Դուրանի խոսքով՝ Իսրայելի կողմից «1915 թվականի իրադարձությունները» ցեղասպանություն ճանաչելը ապարդյուն փորձ է՝ թաքցնելու անմեղ պաղեստինցիների արյունը, պետական ահաբեկչությունը, որը երկիրը իրականացնում է Մերձավոր Արևելքում:

«Նրանք, ովքեր ցեղասպանության մեղադրանքով կանգնել են Միջազգային դատարանի առաջ, ոչ մի իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալու կամ խղճի պահապանի դերում հանդես գալու»,- գրել է նա X-ի իր էջում։

 

Leave a Comment