Սպերցյանը կխաղա համաշխարհային աստղերի հետ․ Անդրեյ Սոզին

Ֆուտբոլային փորձագետ Անդրեյ Սոզինը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Ալ-Ահլի»։

«Շատերին Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա մեկնելու որոշումը ոչ պոպուլյար կթվա։ Կասեն՝ չսպասեց Անգլիային, Իսպանիային կամ Իտալիային, գնաց փողի հետևից։ Նախ, փողի հետևից գնալը նույնպես մեծ բան է: Դա նույնպես նպատակ է, որից, ի դեպ, չեն խորշում համաշխարհային աստղերը, ովքեր հիմա խաղում են Աշխարհի առաջնությունում՝ լավագույն հավաքականների կազմում:

Սպերցյանն այժմ խաղալու է նրանց հետ և նրանց դեմ, ինչն այնքան էլ վատ չէ։

Երկրորդ՝ պետք չէ թերագնահատել Սերգեյ Գալիցկու գործոնը: Էդուարդի համար նա շատ նշանակալի մարդ է՝ հարգված և, կարծում եմ, սիրված: «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիա տեղափոխվելը Գալիցկու կշռադատված որոշումն է։ Նա հասկանում էր, որ Եվրոպայից առաջարկների կարելի էր դեռ երկար սպասել, կամ դրանք կարող էին ընդհանրապես չլինել: Իսկ ֆինանսական տեսանկյունից դրանք հազիվ թե մոտ լինեին «Ալ-Ահլիի» առաջարկին։ Ռռուսական ակումբները որակազրկված ենք, Հայաստանի հավաքականը չի փայլում, ՌՊԼ-ն, այնուամենայնիվ, իր ներքին խոհանոցում եփվող լիգա է. ինչո՞ւ պետք է եվրոպական որևէ ակումբ մեծ գումար վճարեր Էդուարդի համար:

Սա ինքնաբուխ որոշում չէ, և Գալիցկին աջակցել է դրան: Սպերցյանը կխաղա համաշխարհային աստղերի հետ, կշարունակի միանալ հավաքականին և գումար կվաստակի ամբողջ կյանքի համար։ «Կրասնոդարն» էլ իր հերթին վաստակեց, իսկ Էդուարդն արդեն հասցրել էր նրանց չեմպիոն դարձնել:

Տա Աստված, որ Սպերցյանի մոտ ամեն ինչ ստացվի։ Կարող ենք միայն շնորհակալություն հայտնել նրան և հաջողություն մաղթել»,- Սոզինի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

Leave a Comment