ԱՄՆ-ն դադարել է Իսրայելի համար բացառություն անել «Ամերիկան ամենից վեր է» սկզբունքից, և հրեական պետությունը կորցրել է «հատուկ դաշնակցի» կարգավիճակը: Այս մասին գրում է ամերիկյան Politico պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հրեական պետության անանուն քաղաքական խորհրդականի խոսքով՝ Իսրայելը միամտաբար ակնկալում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց համար բացառություն կանի այդ կանոնից։
«Բայց դա չէր կարող շարունակվել։ Մենք չէինք կարող չորս տարի շարունակ բացառություն լինել Ամերիկայի արտաքին քաղաքական բոլոր գործողություններում», – հայտարարել է պարբերականի զրուցակիցը։
Թերթի տվյալներով՝ Իսրայելի նկատմամբ կուրսի փոփոխության «դեմքը» դարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Ավելի վաղ նա կոշտ քննադատության էր ենթարկել Իսրայելի ղեկավարությանը՝ կոչ անելով հրեական պետությանը հիշել, որ Միացյալ Նահանգները մնացել է նրա «միակ հզոր դաշնակիցն» աշխարհում:
Պարբերականը նշում է, որ 2025 թվականին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն է այցելել հինգ անգամ, իսկ 2026-ին՝ միայն մեկ անգամ՝ փետրվարին: Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ այս պահին Սպիտակ տուն Նեթանյահուի նոր այցեր ծրագրված չեն, կրճատվել է նաև հեռախոսազանգերի քանակը։
«Կարծում եմ՝ սա դեռ վատթարագույնը չէ: Ավելին դեռ առջևում է», – կարծում է աղբյուրը։
Հունիսի 2-ին Axios պորտալը հայտնել էր, որ Թրամփը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում ոչ ցենզուրային բառապաշարով քննադատել է նրա գործողությունները Մերձավոր Արևելքում։ Պորտալի աղբյուրների տվյալներով՝ Թրամփը Նեթանյահուին խելագար է անվանել և հիշեցրել վարչապետին ցուցաբերած իր նախկին աջակցությունը։ Ավելի ուշ Թրամփն ինքը հաստատել է, որ Նեթանյահուին անվանել է «գրողի տարած խելագար»։
