2026 թվականի հունիսի 26-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ, ըստ որի՝ մեղադրյալը «Տիկ-Տոկ» սոցիալական հարթակում կեղծ օգտահաշվի միջոցով, Ա.Ա.-ի և նրա մերձավորի վերաբերյալ արատավորող ու նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, անցանկալի գրառումներ պարունակող լուսանկարները հեռացնելու դիմաց Ա.Ա.-ից պահանջել է 115.000 ՀՀ դրամ։ Գործը նույն օրը մուտքագրվել է դատավոր Արտյոմ Ավետիսյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից
Դեպքի հանգամանքները
Ա.Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համագյուղացի Ա.Ա.ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, վերջինիս խնդրանքով «Տիկ-Տոկ»-ում նրա օգտագործման համար բացել է օգտահաշիվը, մտապահելով դրա գաղտնաբառը և ծածկանունը, ինչից հետո 2026թ. ապրիլ ամսվա կեսերին, իր բջջային հեռախոսով մուտք է գործել Ա.Ա.ի՝ հիշյալ օգտահաշիվ, փոխել է դրա գաղտնաբառը ու դրանում տեղադրել նրա, Ն.Ա.ի, Թ.Ս.ի լուսանկարները, որոնց վրա կատարել է վերջիններիս արատավորող գրառումներ, որից հետո նույն հարթակում, հանդես գալով այլ անծանոթ անձի անվամբ, իր հետ հաղորդակցվող Ա.Ա.-ին շանտաժով՝ վերջինիս, ինչպես նաև, նրա մերձավոր Ն.Ա.-ին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, նրանց համար անցանկալի գրառումներ պարունակող լուսանկարները հեռացնելու դիմաց Ա.Ա-ն ներկայացրել է 115.000 ՀՀ դրամ գումար ձեռք բերելու պահանջ, որը 19.04.2026թ. հայտնի է դարձել վերջինիս:
Ա.Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին մասով։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: