Հաստատվել է քոլեջների և արհեստագործական ուսումնարանների կրթաթոշակային տեղերի ձևավորման նոր կարգը. ինչպե՞ս է այն աշխատելու

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 902-Ն որոշմամբ հաստատվել է պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ հաստատությունների հատկացնելու կարգը։ Շատերը չգիտեն, թե ինչ սկզբունքով են որոշվում, թե որ մասնագիտություններով և քանի անվճար (կրթաթոշակային) տեղ կհատկացվի։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net, կարգը վերաբերում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ոլորտային որակավորումներով ընդունելության տեղերին, և որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ինչի՞ հիման վրա են ձևավորվում տեղերը

Ըստ կարգի՝ ընդունելության տեղերը ձևավորելու համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի մեկը հավաքագրում է տեղեկություններ տարբեր մարմիններից։ Մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունից՝ տնտեսության առաջիկա 3 տարիների գերակա ոլորտների մասին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ e-work.am հարթակի թափուր աշխատատեղերի վերլուծության հիման վրա պահանջված մասնագիտությունների ցանկը, Առողջապահության նախարարությունից՝ ոլորտի կադրային պահանջարկը, Պետական եկամուտների կոմիտեից՝ վերջին 3 տարում ամենաշատ աշխատանքի ընդունված մասնագիտությունները, ինչպես նաև մարզպետարաններից, Վիճակագրական կոմիտեից, գործատուների միավորումներից և այլ աղբյուրներից։

Ինչպե՞ս է որոշվում տեղերի քանակը

Հավաքագրված տվյալները վերլուծելով՝ ԿԳՄՍ նախարարությունը կազմում է առաջիկա ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու տարվա համար կրթաթոշակների տոկոսային համամասնությունը և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ներկայացնում կառավարության հաստատմանը։ Կառավարության հաստատած այս համամասնությունը տարեկան կարող է փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով՝ բացառությամբ ոլորտային ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության դեպքերի։ Կրթաթոշակների նախնական քանակը հրապարակվում է մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, իսկ վերջնականը որոշվում է մրցույթի արդյունքների հիման վրա։

Հատուկ դեպքերը

Կարգով նախատեսված է, որ պետական կարիքներից և ռազմավարական առաջնահերթություններից ելնելով՝ կրթության լիազոր մարմնի ղեկավարը կարող է կրթաթոշակային տեղեր սահմանել նաև այն մասնագիտությունների համար, որոնց մասով հայտեր չեն ներկայացվել կամ աշխատաշուկայում բավարար պահանջարկ չի արձանագրվել, եթե դրանց գծով մասնագետների պատրաստումն անհրաժեշտ է պետական գործառույթների ապահովման, գիտական ներուժի կամ մշակութային ժառանգության պահպանման, ազգային անվտանգության կամ այլ կարևոր հանրային շահերի համար։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ N 902-Ն որոշմամբ սահմանվում է, թե ինչպես են ձևավորվում և ըստ հաստատությունների բաշխվում արհեստագործական ու միջին մասնագիտական կրթության կրթաթոշակային տեղերը. դրանք հիմնվում են աշխատաշուկայի իրական պահանջարկի, գերակա ոլորտների և գործատուների կարիքների վերլուծության վրա, ինչը նպատակ ունի կրթության պետական պատվերը համապատասխանեցնել տնտեսության իրական, – տեղեկացնում էIravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։






Կարդացեք նաև՝


Leave a Comment