ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժաննա Անդրեասյանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կիևյան կամրջի շինհրապարակ կատարած նրա  շրջայցի ընթացքում։Նախարարի խոսքով՝  եղանակային պայմանները հնարավորություն են ընձեռում ամբողջ թափով իրականացնել աշխատանքները։


Ըստ Անդրեասյանի՝ անցած տարի բավականին ժամանակ է հատկացվել հուշահամալիրի բարեկարգման տեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական քննարկումներին, իսկ այժմ արդեն համապատասխան փորձն առկա է։


Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։Այս ընթացքում հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար։Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև Հավերժության տաճարի մույթերը։


Կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել են մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացման աշխատանքներ։


Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, իսկ մույթերի բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է ժամանակակից հատուկ նյութերի կիրառմամբ։


Փոխարինվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ։ Հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է կանաչապատ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։ 




Կարդացել են
անգամ

Leave a Comment