Թուրքիայում կինը մեկ կիլոգրամ ոսկին պատահաբար նետել է աղբարկղը

Թուրքիայի Բուրսա քաղաքի բնակիչը պատահաբար դեն է նետել 6.13 միլիոն թուրքական լիրա (ավելի քան 133,000 դոլար) արժողությամբ մեկ կիլոգրամ ոսկի պարունակող տոպրակը՝ խնայողություն, որը ընտանիքը տարիներ շարունակ կուտակել էր սեփական տուն գնելու համար։

Դեպքը տեղի է ունեցել Բուրսա նահանգի Աքչալար շրջանում։ Կորուստը բացահայտելուց հետո ընտանիքը դիմել է ոստիկանությանը և քաղաքային ծառայություններին, որոնք սկսել են ոսկու որոնումները։

«Մաքրություն անելիս կինս տոպրակը շփոթել է աղբի հետ և դեն նետել այն»,-ասել է ընտանիքի հայրը՝ ըստ TR Haber լրատվական պորտալի։

Նա հայտնել է, որ պայուսակի մեջ մոտ մեկ կիլոգրամ ոսկի է եղել։

Դեռևս հայտնի չէ՝ աղբատար մեքենաներն արդեն տարե՞լ են աղբը, թե՞ տոպրակը տարել է աղբ փորփրող մեկը։ Ոստիկանությունն ու քաղաքային ծառայություններն արդեն տեղեկացված են միջադեպի մասին, և կուսումնասիրվեն տարածքի տեսախցիկների տեսագրությունները։

Թուրքիայի բնակիչները նախընտրում են ոսկի պահել տանը՝ այսպես կոչված «բարձի տակ» խնայողություններ անելով։ Թուրքիայի Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ նման ոսկու պաշարների արժեքը հասնում է մոտավորապես 600 միլիարդ դոլարի, ինչը երկիրը դարձնում է թանկարժեք մետաղի մասնավոր պաշարների առումով համաշխարհային առաջատար։

Leave a Comment