Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը համարվում է սպառված։
ՍԴ նախագահը նշել է, որ դատարանի իրավազորության հետ կապված որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մտահոգությունները վերաբերում էին դատավորների մասնակցության անհնարինության հարցին։
Նրա խոսքով՝ որպեսզի այդ հարցը քննարկվի և դառնա Սահմանադրական դատարանի որոշում, անհրաժեշտ է, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը բարձրացնի տվյալ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը։
«Հարգելի գործընկերներ, որևէ մեկը այս պայմաններում բարձրացնո՞ւմ է դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը սույն գործով։ Որևէ մեկը չի բարձրացնում, ուրեմն այս հարցը մենք համարում ենք սպառված և անցնում ենք առաջ»,- ասաց Դիլանյանը։
ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը մտահոգություն էր հայտնել դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության վերաբերյալ։ Նա նշել էր, որ Սաֆարյանի, ինչպես նաև Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցության հարցը ՍԴ-ում քննարկվել է նրանց նախկին կուսակցական կապերի համատեքստում։