Վանաձորում քննարկվել են ընտրական իրավունքի, քաղաքացիական մասնակցության և ապատեղեկատվության դեմ դիմակայունության հարցերը

Մայիսի 28-ին Վանաձորում անցկացվել է համայնքային դասընթաց՝ նվիրված ընտրական իրավունքին, ընտրական գործընթացների բարեվարքությանը, քաղաքացիական հասարակության դերին և տեղեկատվական դիմակայունությանը։ Դասընթացին մասնակցել են երիտասարդներ, այդ թվում՝ առաջին անգամ ընտրողներ, ուսանողներ, համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ընտրական հանձնաժողովի անդամներ և նախագահ, ՔՀԿ ներկայացուցիչներ, փաստաբաններ, ինչպես նաև համայնքային կյանքով և ընտրական գործընթացներով հետաքրքրված այլ քաղաքացիներ։ Քննարկմանը մասնակցել են 15 տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ, որոնց մեծ մասը կանայք էին։

Հանդիպման նպատակն էր մասնակիցներին փոխանցել գործնական գիտելիքներ ընտրական գործընթացների, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների, ընտրությունների ընթացքում օրինականության ու թափանցիկության ապահովման, ինչպես նաև ապատեղեկատվությունը ճանաչելու և դրան դիմակայելու վերաբերյալ։ Դասընթացի ավարտին մասնակիցների գիտելիքները ամփոփվել են 20 հարցից բաղկացած ավարտական հարցաշարի միջոցով, որը ներառել է ընտրական իրավունքի, ընտրական հանձնաժողովների, ՔՀԿ-ների դերի, մեդիագրագիտության և արհեստական բանականության միջոցով տարածվող կեղծ բովանդակության թեմաներ։

Սեմինարի ընթացքում մասնակիցները նախ անդրադարձել են ընտրական իրավունքի և գործընթացի հիմնական սկզբունքներին։ Քննարկվել է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ընտրությունները քաղաքացիների մասնակցության կարևորագույն ձևերից են։ Խոսվել է նաև քվեարկության գաղտնիության պահպանման, ընտրողի ազատ կամարտահայտման, դիտորդների և վստահված անձանց կարգավիճակների տարբերության, նախընտրական քարոզչության կանոնների, ինչպես նաև ընտրակաշառքի անթույլատրելիության ու պատժիչ միջոցների մասին։

Առանձին ուշադրություն է դարձվել ընտրական հանձնաժողովների աշխատանքին, ընտրությունների ֆինանսավորմանը և իրավական պատասխանատվությանը։ Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումը դարձրել է առավել գործնական մասնակիցները հնարավորություն են ունեցել անդրադառնալ ոչ միայն իրավական կարգավորումներին, այլև ընտրական տեղամասերում առաջացող իրավիճակներին, հանձնաժողովների աշխատանքի կազմակերպմանը և ընտրողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։

Քննարկման կարևոր հատվածներից էր քաղաքացիական հասարակության և ՔՀԿ-ների դերը ընտրական գործընթացներում։ Մասնակիցները խոսել են այն մասին, որ քաղաքացիական հասարակությունը միայն հասարակական կազմակերպություններով չի սահմանափակվում, սակայն ՔՀԿ-ները կարող են կարևոր դեր ունենալ ընտրողների իրազեկման, հանրային վերահսկողության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և պետական մարմինների հաշվետվողականության բարձրացման գործում։ Հատկապես կարևորվել է ՔՀԿ-ների «watchdog» գործառույթը՝ որպես ընտրական խոստումների, գործընթացների և հանրային քաղաքականությունների նկատմամբ վերահսկողության գործիք։

Մեդիագրագիտության բաժնում մասնակիցները քննարկել են ապատեղեկատվության, կեղծ տեղեկատվության և իրականության չարամիտ տարածման տարբերությունները։ Նշվել է, որ ապատեղեկատվությունը սովորաբար ենթադրում է կանխամտածված վնաս հասցնելու նպատակ, մինչդեռ կեղծ տեղեկատվությունը կարող է տարածվել առանց չարամիտ մտադրության։ Քննարկվել է նաև, թե ինչպես են ապատեղեկատվական նարատիվները հարմարեցվում տեղական լսարանների լեզվին, մշակույթին և զգայուն թեմաներին՝ ավելի ազդեցիկ դառնալու համար։

Առանձին անդրադարձ է կատարվել գեներատիվ արհեստական բանականության ազդեցությանը տեղեկատվական միջավայրի վրա։ Մասնակիցները նշել են, որ արհեստական բանականության միջոցով հնարավոր է ստեղծել համոզիչ կեղծ պատկերներ, ձայներ և տեսանյութեր, որոնք դժվար է տարբերել իրական բովանդակությունից։ Այդ համատեքստում ընդգծվել է քննադատական մտածողության, տեղեկատվության աղբյուրների ստուգման և չճշտված նյութեր չտարածելու կարևորությունը, հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։

«Ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը սկսվում է տեղեկացված քաղաքացուց։ Երբ մարդը գիտի իր իրավունքները և հասկանում է գործընթացի կանոնները, ավելի դժվար է նրան մոլորեցնել կամ ազդեցության ենթարկել», – ասել է «Ռեստարտ Վանաձոր» երիտասարդական֊քաղաքացիական հասարակական կազմակերպության համակարգող Տիգրան Ղալայանը։

Առաջին անգամ ընտրող երիտասարդ մասնակիցներից մեկի՝ Նարե Արսենյանի խոսքով,  նման դասընթացները օգնում են ընտրություններին մասնակցել ավելի գիտակցված։«Կարևոր է ոչ միայն իմանալ, որ ունես ընտրելու իրավունք, այլ հասկանալ՝ ինչպես է քո մասնակցությունը կապվում համայնքի ապագայի և որոշումների կայացման հետ», – նշել է Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Նարեն։

Քննարկման մասնակիցները կարևորել են համայնքներում նման կրթական հանդիպումների շարունակականությունը։ Նրանց դիտարկմամբ՝ ընտրական կրթությունը, քաղաքացիական մասնակցության խթանումը և տեղեկատվական դիմակայունության զարգացումը փոխկապակցված ուղղություններ են, որոնք կարող են նպաստել ավելի վստահելի, թափանցիկ և մասնակցային ընտրական գործընթացների ձևավորմանը։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Ռիմա Գալստյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարությու ն» հիմնադրամի տեսակետները:

Leave a Comment