Թբիլիսին քննադատել է Վրաստանում ժողովրդավարության մասին ԵԽԽՎ բանաձևը – armeniatoday.am

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևը, որում Վեհաժողովը հայտարարել է Վրաստանում «ժողովրդավարության շարունակվող փլուզման» և երկրում «իսկապես ժողովրդավարական ընտրություններ» անցկացնելու պայմանների բացակայության մասին, հայտնում է Civil Georgian-ն։

 Նա նշել է, որ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի բանաձևերն «անցել են վրաց ժողովրդի սահմանած կարմիր գծերը» և խախտել երկրի ինքնիշխանությունը։

ԵԽԽՎ-ն հունիսի 24-ին ընդունել էր «Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձև։ Փաստաթղթում Վրաստանի իշխանություններին կոչ է արվում չեղարկել ընդդիմադիր կուսակցությունների արգելմանն ուղղված հայցը, դադարեցնել ընդդիմության առաջնորդների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և ամբողջությամբ չեղարկել վերջին շրջանում ընդունված «ռեպրեսիվ օրենսդրությունը»։

Բանաձևում նշվում է նաև քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և ընդդիմության նկատմամբ ճնշումների, բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության բռնության դեպքերի արդյունավետ քննության բացակայության և հասարակական-քաղաքական խոր բևեռացման մասին։ ԵԽԽՎ-ն հայտարարել էր, որ այս պայմաններում Վրաստանում ներկայումս հնարավոր չէ անցկացնել իսկապես ժողովրդավարական ընտրություններ։

Վրաստանի և եվրոպական կառույցների հարաբերությունները սրվել էին 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից և հետընտրական բողոքներից հետո։ Վրաստանի և ԵՄ-ի հարաբերություններում վերջին ամիսներին պահպանվում է լարվածություն․ կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում ժողովրդավարության, ներքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերի շուրջ։ Մասնավորապես, հունիսի 10-ին Պապուաշվիլին ԵՄ-ին մեղադրել էր երկրի քաղաքացիներին վիզային ռեժիմը քաղաքական զենք դարձնելու մեջ։

Leave a Comment