ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերանայել է իր թիրախավորման դոկտրինը՝ նշելով, որ արհեստական բանականությունը (ԱԲ) ապագայում կարող է ավելի նշանակալի դեր խաղալ այս գործընթացում, հաղորդում է Bloomberg-ը՝ ներքին փաստաթղթերը վերանայելուց հետո։
Նոր սկզբունքները, նշում է գործակալությունը, հնարավորություն են տալիս անցնելու «համակարգերի, որոնցում արհեստական բանականությունը նախաձեռնում է գործողություններ մարդկային վերահսկողության ներքո», գրում է գործակալությունը՝ ընդգծելով, որ գործող կանոնների համաձայն՝ «մարդիկ են նախաձեռնում գործողություններ»։
«Ապագա մարտական գործողությունների արագությունը և մեր հակառակորդների առաջընթացը արհեստական բանականության ոլորտում կարող են ստիպել ԱՄՆ զինված ուժերին սկսել կիրառել լիովին ինքնավար համակարգեր», – մեջբերել է գործակալությունը փաստաթղթի ապագա թիրախների ընտրության ընթացակարգերին վերաբերող գլխից մի հատված։
«Մեր թիրախավորման դոկտրինի փոփոխությունները համապարփակ, բազմամյա գործընթացի արդյունք են և ներառում են տարբեր իրավիճակներից քաղված դասերը», – գործակալությանը հայտնել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի խոսնակը: Պենտագոնի պաշտոնյան, իր հերթին, նշել է, որ «Պաշտպանության նախարարության կողմից օգտագործվող արհեստական բանականության տեխնոլոգիաները չեն ընտրում կամ չեն հարձակվում թիրախների վրա ինքնուրույն» և որ «հրամանատարությունները պահպանում են յուրաքանչյուր որոշման վրա վերահսկողությունը»: