Ընտրական ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում․ Ինչպես են Հայաստանում քաղաքացիները բախվում կեղծ լուրերին

Հայաստանում վերջին տարիների ընտրական գործընթացները՝ 2018 և 2021 թվականների արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև 2023 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ուղեկցվել են սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվության ալիքով։  Վերջին տարիներին փաստագրվել են ընտրական ապատեղեկատվության հարյուրավոր դեպքեր։  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների Ընտրությունների դիտարկման առաքելության վերջնական զեկույցում  առանձին հատված է հատկացված սոցիալական ցանցերում քարոզարշավին և առցանց ապատեղեկատվությանը։ Զեկույցում նշվում է, որ թվային հարթակները դարձել են քարոզարշավի կարևորագույն դաշտերից մեկը, սակայն դրանց կարգավորումը մնում է թերի։ Հիմնական տարածման հարթակներն են Facebook-ը, Telegram-ը, TikTok-ը, ինչպես նաև փակ Viber/WhatsApp խմբերը։

Գեղարքունիքի մարզի բնակիչը հիշում է, որ,- «Ընտրությունների նախորդ օրը Viber-ով սկսում են գալ ձայնագրություններ, թե հաշվված է, ով է հաղթելու։ Չգիտեմ՝ որտեղից են, բայց բոլորը ուղարկում են միմյանց»։ 

Ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվությունը արագ տարածվում է սոցիալական ցանցերում մեդիագրագիտության ցածր մակարդակի և լրատվամիջոցների նկատմամբ ընդհանուր անվստահության պայմաններում։ CRRC-Armenia-ի  տվյալներով՝ հայաստանյան լրատվամիջոցներին «որոշակիորեն» կամ «լրիվ» վստահում է հարցվածների ընդամենը ~21%-ը (17%+4%), մինչդեռ «լրիվ» կամ «որոշակիորեն» անվստահություն է հայտնում մոտ 49%-ը։

Հարցազրույցները և երկրորդային աղբյուրները ցույց են տալիս երեք միտում․

  1. Ալիքների բազմազանեցում։ Եթե 2018 թ. ընտրությունների ժամանակ ապատեղեկատվությունը հիմնականում տարածվում էր Facebook-ով, ապա 2023–2024 թթ. զգալիորեն մեծացել է Telegram-ի և TikTok-ի դերը։
  2. Մարզային խոցելիություն։ Մարզային համայնքներում, որտեղ տեղական մեդիա դաշտը թույլ է, ապատեղեկատվությունը հաճախ տարածվում է փակ՝ ընտանեկան/հարևանական խմբերով, որտեղ վստահության մակարդակը ուղարկողի նկատմամբ բարձր է։
  3. Թվային գրագիտության բացեր։ Open Society Institute -ի Մեդիագրագիտության ինդեքսի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է ցածր դիրքեր եվրոպական 41 երկրների շարքում՝ վկայելով կանխարգելիչ կրթական աշխատանքի անհրաժեշտության մասին։ 

Դպրաբակում բնակվող 22-ամյա ուսանողուհի Ա․ Թ․-ն պատմում է,-«2021-ին մայրիկս Facebook-ից կարդացել էր, որ եթե անձնագիրը ժամկետանց է, քվեարկել չի թույլատրվում։ Քիչ էր մնում, որ չգնար ընտրատեղամաս։ Միայն երբ ստուգեցինք ԿԸՀ-ի կայքից, համոզվեցինք, որ դա սխալ էր»։  ԿԸՀ-ն 2021 թ. հունիսի 2-ին հատուկ կոչ էր արել քաղաքացիներին՝ ստուգելու սեփական տվյալները ընտրացուցակներում։ 

Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ընտրական ապատեղեկատվությունը համակարգային երևույթ է, որը զուգորդվում է ինստիտուցիոնալ անվստահության և մեդիագրագիտության ցածր մակարդակի հետ։ Բաց են մնում հարցերը՝ ինչպես կարող են համայնքային մակարդակում աշխատող ՀԿ-ները և լրատվամիջոցները ստեղծել կայուն կանխարգելման մեխանիզմներ, որոնք կհասնեն հատկապես մարզային փակ խմբերին։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հոդվածի հեղինակը՝ Մերի Ղուկասյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment