«229 դպրոց է փակվելու». ընտրություններին ընդառաջ տարածվել է ապատեղեկատվության

Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում տեղեկատվական դաշտում հաճախ հայտնվում են թեմաներ, որոնք արագ տարածվում են սոցիալական ցանցերում և հանրային լայն քննարկումների առարկա դառնում։ Վերջին ամիսներին նման թեմաներից մեկը դարձավ տեղեկությունը, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում փակվելու է 229 դպրոց։

Տեղեկությունը տարածվեց Ազգային կրթության խորհրդի հայտարարություններից հետո։ Խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը նշել էր, որ մինչև 100 աշակերտ ունեցող 229 դպրոցների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքում առաջացել են մտահոգություններ դրանց հետագա գործունեության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոցների հնարավոր փակումը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքների զարգացման վրա։

Թեման արագ տարածվեց սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում՝ առաջացնելով անհանգստություն բազմաթիվ համայնքներում, դպրոցի տնօրենների և ուսուցիչնների շրջանում։ Որոշ հրապարակումներում նույնիսկ նշվում էր, որ դպրոցների փակումը արդեն որոշված հարց է և քննարկման ենթակա չէ։

Սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ 229 դպրոց փակելու որևէ որոշում չկա, իսկ տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս հայտարարեց, որ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ՝ չնայած նախարարության հրապարակային հերքումներին։ Նրա գնահատմամբ՝ նման տեղեկությունները հատկապես ակտիվորեն շրջանառվում են ընտրություններին ընդառաջ և կարող են նպաստել քաղաքացիների շրջանում շփոթության և անվստահության ձևավորմանը։

Միաժամանակ համայնքներում այս թեմայի շուրջ մտահոգությունները շարունակվում են։ Մի շարք դպրոցների տնօրեններ և բնակիչներ անհանգստացած են փոքր դպրոցների ապագայով։ Նրանց կարծիքով՝ հատկապես սահմանամերձ գյուղերում դպրոցը միայն կրթական հաստատություն չէ, այլ համայնքային կյանքի կարևոր կենտրոն, որի փակումը կարող է նպաստել բնակչության արտահոսքին։

Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են տարբեր մեկնաբանությունները և ոչ ամբողջական տեղեկատվությունը վերածվել ապատեղեկատվության տարածման հիմքի։ Մի կողմից՝ կան պաշտոնական հերքումներ, մյուս կողմից՝ համայնքներում առկա են մտահոգություններ և հարցեր, որոնց վերաբերյալ քաղաքացիները միշտ չէ, որ ստանում են հստակ պատասխաններ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրություններին ընդառաջ հատկապես զգայուն թեմաները կարող են արագ դառնալ տեղեկատվական պայքարի գործիք։ 229 դպրոցների վերաբերյալ լուրը փաստում է, որ ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր պայմաններից է պետական մարմինների կողմից ժամանակին, հստակ և թափանցիկ հաղորդակցությունը, ինչպես նաև քաղաքացիների կարողությունը ստուգել տեղեկատվությունը մինչև այն տարածելը կամ դրան վստահելը։ Այսպիսի հրավիճակներում հանրային վստահության պահպանման համար կարևոր է ոչ միայն պայքարել կեղծ տեղեկությունների դեմ, այլև ապահովել ժամանակին, հասկանալի և թափանցիկ հաղորդակցություն այն թեմաների շուրջ, որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների կյանքի վրա։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հոդվածի հեղինակը՝ Արփի Սարիբեկյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment