Հունիսի 3-ին Սևանի համայնքապետարանում անցկացվեց ընտրական իրավունքի վերաբերյալ հանդիպում-քննարկում, որին մասնակցեցին թեեմայով հետաքրքրված մոտ 15 քաղաքացի՝ հիմնականում երիտասարդներ։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել ընտրական իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը և ուշադրություն հրավիրել տեղեկատվության ստուգման ու մեդիագրագիտության կարևորության վրա։
Հանդիպման ընթացքում լրագրող Գոհար Գևորգյանը ներկայացրեց սոցիալական ցանցերում արագ տարածվող կեղծ տեղեկությունների խնդիրն ու դրանց ճանաչման հնարավոր ուղիները։ Նա նշեց, որ առանց վստահելի աղբյուրների ստուգման՝ տեղեկատվությունը հաճախ կարող է մոլորեցնող ազդեցություն ունենալ, ուստի կարևոր է օգտվել պաշտոնական հարթակներից և փաստերի ստուգման գործիքներից։
Այնուհետև իրավաբան Հասմիկ Ալավերդյանը խոսեց ընտրական իրավունքի հիմունքների մասին՝ ընդգծելով քաղաքացիների տեղեկացված լինելու և գործընթացներին մասնակցելու նշանակությունը։ Նրա խոսքով՝ ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը ձևավորվում է հենց այն դեպքում, երբ քաղաքացին հասկանում է իր իրավունքներն ու դերակատարումը։
ՔԿՀ ներկայացուցիչ Արտյոմ Ադամյանը իր հերթին անդրադարձավ հանրային վերահսկողության և ապատեղեկատվության ազդեցության թեմային՝ նշելով, որ տեղեկատվական խեղաթյուրումները կարող են ազդել հասարակական ընկալումների վրա և կարևոր է դրանց նկատմամբ զգոն լինել։
Քննարկման մասնակիցներից մեկը շեշտեց, որ նման հանդիպումները հատկապես օգտակար են իրենց տարիքային խմբի համար։ Չնայած դեռ ընտրելու իրավունք չունեն, այս ձևաչափը օգնում է ավելի վաղ հասկանալ ընտրական գործընթացների տրամաբանությունը, ձևավորել ճիշտ պատկերացում իրավունքների ու պարտականությունների մասին և պատրաստ լինել հետագա մասնակցությանը։
Ընդհանուր քննարկման ավարտին կարևորվեց մեդիագրագիտության զարգացումը և ընտրական կրթությունը, ընդգծելով դրանք շարունակական դարձնելու անհրաժեշտությունը, թե՛ կրթական հաստատություններում, թե՛ համայնքային միջավայրում: