Երիտասարդները բերման են ենթարկվել Արցախի դրոշը տեղադրելու համար․ ՀՅԴ ՀԵՄ

Իրավապահները բերման են ենթարկել ՀՅԴ Հայաստանի երիտասարդների միության (ՀԵՄ) 2 անդամի, որոնք փորձել են վերտեղադրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում 2022 թվականին դրված Արցախի դրոշը, որը հեռացրել էիր Երևանի քաղաքապետարանը, տեղեկացրել է միությունը։

Նրանց տվյալներով՝ դրոշը հեռացվել է 3 անգամ և հունիսի 24-ի երեկոյան նրանք երրորդ անգամ են փորձել այն տեղադրել։

«Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։ Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա»,- նշել են ՀԵՄ-ից։

Միությունից կարծում են, որ նման գործելաոճը պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։

«Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների և պատմական ճշմարտության վրա։ Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ»,- ասված է հրապարակման մեջ։

Leave a Comment