
«Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա, և ես առաջիկայում էդ առիթը կօգտագործեմ՝ էդ քննարկումը սկսելու», – այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետև, իհարկե, ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ էն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են, և պետք է մենք հասկանանք՝դա ի՞նչ է նշանակում գործնականում: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարա սենց որոշումներ կայացնի՞, և ուղղակի մի օր արթնանալ ու տենց որոշումներ կայացնե՞լ», – ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով. – «Իմ գնահատմամբ՝ եթե էս հարցի պատասխանը «այո» է, ուրեմն՝ Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք պետք է ստեղից արդեն հետևություններ անենք»:
«Հիմա հարցը [հետևյալն է], շատ հստակ պետք է լինի պատասխան՝ կա՞, թե՞ չկա: Եթե կա, մենք կդիրքավորվեք, եթե չկա, էլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու», – ասաց վարչապետը:
Այս հայտարարությունները Փաշինյանն արեց դիվերսիֆիկացիայի հարցի քննարկման համատեքստում:
Դիվերսիֆիկացիայի հետ կապված՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ Հայաստանից ծաղիկ է արտահանվել 16 երկիր:
«Ընդ որում, էդտեղ խմբաքանակները, պարզ է, չէ՞, որ առաջին արտահանումը չի կարա մեծ լինի: Էս 16 ուղղությամբ մենք նմուշ ենք արտահանել՝ էս շատ կարևոր բան է, մենք նմուշ ենք արտահանել, որովհետև շուկան պետք է գնահատի», – հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Անցած ամիս Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ նշել էին, որ Հայաստանը պետք է մինչև դեկտեմբեր կողմնորոշվի Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ հայտնեց, որ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին և քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները։