Արտուր Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել․ գործը դատարանում է

Երևանի քրեական դատարանում հունիսի 23-ին գործ է ստացվել Արտուր Օսիպյանին վերաբերող մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Արտուր Արկադիի Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի մարտի 22-ին` ժամը 12:10-ին, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիանների օգտագործմամբ, այն է` սոցիալական հարթակում հասանելի իր անձնական օգտահաշվի միջոցով հանրության լայն շրջանակներին հասու եղանակով կատարել է հրապարակային գրառումներ և քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, հասարակության մյուս անդամների նկատմամբ գերակայությունն ընդգծելու դիտավորությամբ, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և հավաքվածների կողմից անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, որպիսի գործողություններով ուղղակիորեն խաթարել է հասարակական կարգը և մարդկանց անդորրը։

Մեղադրական հոդվածները

Արտուր Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Մասնավորապես՝

297-րդ հոդվածի առաջին մասով՝  Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

330-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 136-րդ, 151-րդ 313-րդ, 328-րդ, 329-րդ կամ 422-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները, որը կատարվել է՝

  1. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
  2. իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
  3. հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

211-րդ հոդվածի առաջին մասով՝  Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Գործի հետագա ընթացքը

Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանին։ Գործով 4 փաթեթ իրեղեն ապացույցեր քրեական գործի հետ հանձնվել են դատավորին։

Արտուր Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել համակցված` բացակայելու արգելք և երաշխավորություն:

Դատավոր Ջոն Հայրապետյանի կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին տվյալներ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment