Գյումրու «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունում տեղի է ունեցել համայնքային սեմինար-քննարկում ընտրական գործընթացներում ընդգրկված մասնագետների՝ հասարակական կազմակերպության ղեկավարի, իրավաբանի, լրագրողի և Գյումրու մի խումբ բնակիչների մասնակցությամբ։
Ինչպե՞ս իրացնել ընտրելու իրավունքը, ի՞նչ մեխանիզմներով է վերահսկվում ընտրական գործընթացը, որքանո՞վ է կարևոր ապատեղեկատվության և քարոզչության տարբերակումը մեդիա տիրույթում․ այս և մի շարք այլ հարցեր քննարկվել են սեմինարի ընթացքում։
Տարածաշրջանային իրավաբան Անուշ Սիմոնյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում ընտրողների իրավունքների սահմանադրական իրավական շրջանակը, ընտրական բարեվարքության ներպետական գործիքներն ու կարգավորումները։
«Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության նախագահ, տարածաշրջանային ՔՀԿ ներկայացուցիչ Վեհանուշ Հովհաննիսյանը գործնական օրինակներով ներկայացրել է քաղաքացիների՝ ընտրական գործընթացներում ներգրավման մեխանիզմները, քաղաքացիական մասնակցության եւ վերահսկման եղանակները։
Իսկ տարածաշրջանային լրագրող Վաղարշակ Նախշքարյանը մասնակիցներին օրինակներով ներկայացրել է կեղծ տեղեկության տարածման երեք հիմնական դրսևորումները՝ ապատեղեկատվության, կեղծ տեղեկատվության և իրականությունը չարամտորեն տարածելու ազդեցությունը, նպատակներն ու առանձնահատկությունները։
«Նախընտրական և ընտրական գործընթացներում սոցիալական հարթակներում առավելապես շատ են տարածվում կեղծ, մոլորեցնող, իրականությունը չարամտորեն ներկայացնող տեղեկատվություններ, որոնք բացահայտելու եւ վավերացնելու համար կան գործիքներ և մեխանիզմներ։ Այս համատեսքստում շատ կարևոր է մեդիագրագետ լինելն ու իրողություններին քննադատաբար մոտենալը»,-սեմինարի ընթացքում նշել է Նախշքարյանը։
Սեմինար-քննարկման մասնակիցներից ամենակրտսերը 18, իսկ ավագը՝ 72 տարեկան էր։ Ընտրական գործընթացերի նկատմամբ հետաքրքրվածություն են ցուցաբերել բոլոր մասնակիցները։
Առաջին անգամ ընտրություն կատարող Ալբերտ Պետրոսյանը հետաքրքրվել է իր ընտրատեղամասի հասցեով, ընտրացուցակում իր տվյալների առկայությամբ և քվեարկության ընթացակարգին վերաբերող հարցերով։ Իսկ 18-ամյա Անուշ Պետրոսյանին հիմնականում հետաքրքրել է քաղաքական ուժերի ներկայացրած նախընտրական ծարգրերը և դրանց իրականացման հավաստիությունն ու իրատեսականությունը։ Մինչդեռ ավագ ընտրողներն հիմնականում հետաքրքրվել են ապատեղեկատվության բացասական ազդեցություններից զերծ մնալու մեխանիզմներով:
Սեմինարի սկզբում և ավարտին մասնակիցները մասնակցել են գիտելիքների նախնական և վերջնական թեստային ստուգումների, որոնց միջոցով գնահատվել են նրանց ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև կարևորվել է կարողությունների և հմտությունների զարգացումը։
Խմբային և գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները ընտրական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման հետ կապված խնդիրների և առկա մարտահրավերների վերաբերյալ։
Սեմինար-քննարկման կազմակերպիչների նախաձեռնած տեսական ու գործնական քննարկումների արդյունքում մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ, նրանք կարևորեցին նման տեսագործնական հանդիպումներն ու ցանկություն հայտնեցին հաճախ կազմակերպել նման սեմինար-քննարկումներ։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Վաղարշակ Նախշքարյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։