Ջերմուկում անցկացվել է Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցության և ստեղծված տոնական միջավայրի համար:

«Ամանորի հրաշքի սպասումը, կարծես, ամբողջանում էր ձեր ստեղծագործությունների միջոցով: Շնորհակալ եմ առաջինը լինելու ձեր համարձակության համար: Առաջինը լինելը միշտ բարդ է, և այդ խիզախությունն ու քաջությունը հատուկ գնահատանքի են արժանի: Ստեղծագործ գործունեությունը խրախուսելու և խթանելու լուրջ անհրաժեշտություն ունենք, որովհետև պետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են:

Մեր քաղաքականությունը պետք է լինի՝ ամեն կերպ խրախուսել ու ստեղծել պայմաններ, միջավայր, որպեսզի ստեղծագործ միտքը դրսևորման հնարավորություն ունենա, արվեստն ունենա լսարան և միջավայր: Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար: Ջերմուկցիների ջերմ հյուրընկալությունն էլ վկայում է՝ չենք սխալվել վայրի ընտրության հարցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություններ մաղթել փառատոնի մասնակիցներին:

Գալա-համերգի ելույթներին հաջորդել է մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվել են լավագույն և հատուկ մրցանակ ստացած մասնակիցները։

Ժյուրիի կողմից սահմանված հատուկ մրցանակի արժանացել են՝

  • Աննա Սիրականյանը՝ «Բեմական հմայքի համար»
  • Գագիկ Մկրտչյանը՝ «Փոքրիկ արտիստ»
  • Էրիկ Ֆիոֆիլովը՝ «Լավագույն մատուցման համար»
  • Միքայել Խաչատրյանը՝ «Ռոմանսային երգի համար»
  • Էլեն Հակոբյանը՝ «Բանաստեղծական խոսքի համար»

Հատուկ մրցանակի արժանացած մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է 150.000 դրամ խրախուսական մրցանակ։

«Լավագույն մասնակից» տիտղոսին արժանացել են Սուսաննա Մարգարյանը, Կիմա Գրիգորյանը, Մերի Սարգսյանը, Լավրենտ Գրիգորյանը, Արմենուհի Սոկրատունին, Վրույր Սիմոնյանը, Աննա Ուռուտյանը, Տաթև Մայիլյանը և Աստղիկ Խլղաթյանը։ Լավագույն մասնակիցներից յուրաքանչյուրն արժանացել է 360.000 դրամ խրախուսական մրցանակի:

Փառատոնի շրջանակում դրամական խրախուսում են ստացել նաև «Լավագույն մասնակիցների» մանկավարժները, յուրաքանչյուրը՝ 300.000 դրամ։ Խրախուսական մրցանակներ են ստացել Արման Վարդանյանը, Մարինե Մաղաքյանը, Ռոբերտ Աբրահամյանը, Անահիտ Բալբաբյանը և Դիանա Գասպարյանը։

Ուսումնական 4 հաստատության էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել 1.500.000-ական դրամ խրախուսական մրցանակ՝ որպես «Լավագույն մասնակցի» ուսումնական հաստատություն։ Խրախուսական պարգևատրում ստացած ուսումնական հաստատություններն են՝

  • Չարենցավան համայնքի Արզականի արվեստի դպրոցը
  • Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցը
  • Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցը
  • Աղավնաձորի արվեստի դպրոցը

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից իրականացվող «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում։ Փառատոնի մրցութային մասի համակարգող՝ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպություն:

Source link

Leave a Comment