«ԱզերՏելեկոմ»-ը և «Տելեկոմ Արմենիա»-ն երկկողմ համաձայնագրեր են ստորագրել՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանին միջազգային ինտերնետ կապ ապահովելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Day.Az-ը , այս մասին հայտնել է AzerTelecom-ը։
Այսպիսով, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, տարածաշրջանի առաջատար մայրուղային ինտերնետ օպերատոր «ԱզերՏելեկոմ»-ը կընդլայնի միջազգային ինտերնետային տրաֆիկի ծառայություններ մատուցող երկրների աշխարհագրությունը և քանակը, ինչպես նաև կապահովի ինտերնետային տրաֆիկի տարանցումը դեպի Հայաստան՝ օգտագործելով իր սեփական ենթակառուցվածքները։
«Նման համաձայնագրերը նպատակ ունեն տարածաշրջանում կապի ուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության հետագա բարձրացմանը և հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացմանը», – նշել է ընկերությունը։