ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքների իրականացումը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի լավագույն շահերին հակառակ։
Ինչպե՞ս պետք է լինի երեխայի երեխայի լավագույն շահը ծնողների կողմից
Երեխայի լավագույն շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխայի դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։
Ծնողական իրավունքներն ի վնաս երեխայի իրավունքների և լավագույն շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
Ինչպե՞ս են ծնողները լուծում երեխային վերաբերող հարցերը
Երեխայի դաստիարակությանը, կրթությանը, խնամքին, տեղաշարժմանը, բնակության վայրին և երեխային վերաբերող բոլոր այլ հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան։
Ինչպե՞ս է որոշվում երեխայի բնակության վայրը ծնողների միմյանցից առանձին ապրելու դեպքում
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։
Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։