Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նպատակով ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման, տիրապետման ու դրանց դիմաց համարժեք փոխհատուցման կարգը։
Ինչպես Iravaban.net-ը, տեղեկանում է նախագծից, փոփոխությունների նպատակը գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելն է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի պահանջներին, որը 2027 թվականի հունվարի 1-ից փոխարինելու է գործող կարգավորումներին։
Նախագծի ընդունման համար հիմք է հանդիսանում «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասիի 19-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասիի 29-րդ և 30-րդ կետերը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 12-ի թիվ 705-Ա որոշումը։
Միաժամանակ, «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի՝ փրկարարն իրավունք ունի մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ընդունել համապատասխան որոշում։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքով։
Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով հստակեցվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման և տիրապետման, ինչպես նաև դրանց դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման և տիրապետման դեպքում կհստակեցվեն օգտագործման և տիրապետման կարգը, ինչպես նաև դրանց դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը։
2027 թվականի հունվարի 1-ից կապահովի «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 19-րդ և 11-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ և 30-րդ ենթակետերի կիրառումը։
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին․
Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն չի առաջանա մի շարք իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ․ ռազմավարությունից։