Վենս. Ուիթքոֆը և Քուշները արդեն աշխատում են Իրանի հետ բանակցությունների տեխնիկական հարցերի վրա

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, արդեն Շվեյցարիայում են․ Իրանի հետ բանակցություններին վերաբերող տեխնիկական հարցերի շուրջ են աշխատում։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը այս մասին հայտարարել է Fox News-ի եթերում։

«Մենք պլանավորում ենք բանակցություններ, երբ ժամանեն Իրանի կառավարության, ինչպես նաև Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները։ Դա կարող է տեղի ունենալ արդեն վաղը (կիրակի)։ Այս բաները միշտ կարող են փոփոխվել։ Ջարեդն ու Սթիվը մի քանի ժամ է՝ տեղում են՝ աշխատելով բանակցություններին վերաբերող որոշ տեխնիկական հարցերի վրա», – ասել է նա։

Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն ներկայումս առաջնահերթություն է տալիս Հորմուզի նեղուցով նավագնացությանը և Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժմանը, այդ թվում՝ հարստացված ուրանի Իսլամական Հանրապետությունից դուրսբերմանը։

«Սա բանակցությունների առաջին մասն է։ Ես այսօր առավոտյան խոսել եմ Ջարեդի և Սթիվի հետ, և ինչպես ես հասկանում եմ, ամեն ինչ լավ է ընթանում։ Բայց, իհարկե, մենք մտադիր ենք ստուգել այս ամենը», – հավելել է Վենսը։

Leave a Comment