Մարդու կիրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ կարևոր նախադեպային վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ երկրի դատական համակարգում առկա են դատական վարույթների անհիմն ձգձգումների և դրանց դեմ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության համակարգային խնդիրներ։
Մայիսի 21-ին հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը քննել է երկու ընտանիքների անդամների ներկայացրած գանգատները, որոնք վերաբերում էին Հայաստանի քաղաքացիական և վարչական դատարաններում քննված գործերին։ Դատարանը պարզել է, որ այդ վարույթները տևել են շուրջ 7-ից մինչև ավելի քան 13 տարի՝ անցնելով երեք դատական ատյաններով, ինչը գերազանցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված «ողջամիտ ժամկետի» պահանջը։
Գործերից մեկով դիմողները նաև պնդել էին, որ Հայաստանի օրենսդրությունը չի ապահովում արդյունավետ ներպետական միջոց, որի միջոցով հնարավոր կլիներ բողոքարկել դատական քննության անհամաչափ տևողությունը և ստանալ համապատասխան փոխհատուցում։ ՄԻԵԴ-ը համաձայնել է այս գնահատականին՝ արձանագրելով նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում։
Դատարանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի գործող փոխհատուցման մեխանիզմներին և եզրակացրել, որ դրանք չեն կարող համարվել արդյունավետ։ Մասնավորապես, վճռում նշվում է, որ երկրում բացակայում է հատուկ իրավական կարգավորում, որը նախատեսված լինի բացառապես դատական վարույթների ձգձգումների վերաբերյալ բողոքների քննության համար։ Բացի այդ, քաղաքացիների վրա դրվում է անհամաչափ ծանր ապացուցողական բեռ, առկա չէ միասնական դատական պրակտիկա, իսկ փոխհատուցման պահանջների քննությունն ինքնին հաճախ տևում է չափազանց երկար։
ՄԻԵԴ-ը միայն խախտում չի արձանագրել, այլ նաև, հղում կատարելով Կոնվենցիայի 46-րդ հոդվածին, Հայաստանի իշխանություններին հստակ ցուցումներ է տվել համակարգային խնդրի լուծման ուղղությամբ։ Դատարանը պահանջել է առաջնահերթ կարգով ներդնել հատուկ փոխհատուցման միջոց, որը կծառայի դատական վարույթների չափազանց երկար տևողության վերաբերյալ բողոքների քննությանը և կհամապատասխանի ՄԻԵԴ-ի ձևավորած չափանիշներին։ Դատարանը նաև չի բացառել արագացնող (acceleratory) մեխանիզմի ներդրման հնարավորությունը, որը թույլ կտա կանխել վարույթների հետագա ձգձգումները։
ՄԻԵԴ-ը շեշտել է, որ ապագա մեխանիզմը պետք է կիրառելի լինի ոչ միայն հետագա, այլև արդեն տեղի ունեցած և դեռևս չփոխհատուցված խախտումների նկատմամբ, որպեսզի քաղաքացիները կարողանան հատուցում ստանալ ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված դատական վարույթների անհիմն երկարացման համար։
Վճռով դատարանը նաև սահմանել է արդարացի փոխհատուցում դիմողների համար՝ ոչ նյութական վնասի և դատական ծախսերի հատուցման տեսքով։