Ապացուցումը քրեական դատավարության հիմնարար ինստիտուտներից է, քանի որ յուրաքանչյուր քրեական վարույթի օրինական և արդարացի լուծումը կախված է գործով հավաքված և գնահատված ապացույցներից։ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ ապացուցումը ներառում է ապացույցների հավաքումը՝ ստուգումը և գնահատումը՝ վարույթի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատելու կամ հերքելու նպատակով։ Քրեական դատավարությունում ապացույցների համակարգը բազմազան է և ներառում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի և վկայի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատավարական գործողությունների արձանագրությունները, ինչպես նաև այլ փաստաթղթեր։ Միաժամանակ, օրենքը պահանջում է, որ ապացույցները ձեռք բերվեն բացառապես օրինական ճանապարհով, քանի որ իրավունքի խախտմամբ ստացված տեղեկությունները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում։
Ժամանակակից քրեական դատավարությունում առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերել ապացույցների թույլատրելիության, արժանահավատության և բավարարության հարցերը, ինչպես նաև թվային և էլեկտրոնային ապացույցների կիրառման հետ կապված խնդիրները։ Դատավարական կողմերի միջև մրցակցային սկզբունքի պայմաններում ապացուցման գործընթացը դարձել է ոչ միայն իրավական, այլև ռազմավարական կարևորության ոլորտ։
Թեմայի մանրամասները Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է «ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼՈՈՒ ՖԻՐՄ» փաստաբանական ընկերության փաստաբան Վլադիմիր Մկրտչյանը։