2025 թվականը հարկային և մաքսային վարչարարության համար եղել է բեկումնային տարի․ Էդուարդ Հակոբյան

2025 թվականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար եղել է կարևոր բարեփոխումների և շոշափելի արդյունքների տարի։ Կոմիտեն շարունակել է իրականացնել ՀՀ կառավարության կողմից որդեգրված հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումները՝ կենտրոնանալով վարչարարության պարզեցման, թվայնացման, ստվերի դեմ պայքարի, կամավոր հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարողների սպասարկման բարելավման վրա։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Ամփոփելով 2025 թվականի արդյունքային ցուցանիշները՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են շուրջ 2 տրլն 725 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 334 մլրդ դրամով կամ 14 տոկոսով։ Միաժամանակ, վերջին տարիներին արձանագրված կայուն աճի արդյունքում հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 134.9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է ավելի քան 409 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է շուրջ 16.6 մլրդ դրամով կամ 4.2 տոկոսով:  Աճը հիմնականում պայմանավորված է հիփոթեքային վարկերի տոկոսագումարների և սոցիալական ծախսերի գծով փոխհատուցումների ավելացմամբ։
2025 թվականին ՊԵԿ-ը շարունակել է թվային բարեփոխումների գործընթացը։ Մշակվել և ներդրվել են նոր էլեկտրոնային հարթակներ, ընդլայնվել են առցանց ծառայությունները, թե՛ հարկային և թե՛ մաքսային ուղղություններում ներդրվել են արհեստական բանականության և տվյալների վերլուծության ժամանակակից գործիքներ։
Հարկային վարչարարության բարելավման արդյունքում արձանագրվել է հայտարարագրվող շրջանառության, աշխատատեղերի թվի և աշխատավարձերի մակարդակի աճ, ինչը նպաստել է տնտեսության թափանցիկության և հարկային կարգապահության բարձրացմանը։ Հսկողական, վերլուծական և ուսումնասիրական աշխատանքների արդյունքում ապահովվել են զգալի լրացուցիչ հարկային մուտքեր։ Ներդրվել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցման ավտոմատ համակարգը, որի արդյունքում ռիսկային չհամարվող հարկ վճարողների համար փոխհատուցման գործընթացը դարձել է ավելի արագ և պարզ։  Շարունակվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կատարելագործումը, որի շրջանակում 2025 թվականի ընթացքում ներկայացվել է 182 հազար հայտարարագիր։ Ընդլայնվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգը։
Մաքսային բարեփոխումների շրջանակում ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը։ 2025 թվականի հունիսից արտահանման ձևակերպումները կազմակերպվել են 24/7 ռեժիմով, իսկ մաքսային հսկողության ընթացքում զննման դեպքերի տեսակարար կշիռը նվազել է՝ հասնելով պատմականորեն ցածր մակարդակի։ Միաժամանակ աճել է «կանաչ ուղի» համակարգով ձևակերպվող բեռների մասնաբաժինը։ Պարզեցվել են նաև ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման գործընթացները, ինպչես նաև ընդլայնվել է նախնական մաքսային հայտարարագրման կիրառումը։ Ներդրվել է «Ծանուցումների և անձնակազմի կառավարման» համակարգը, ինչի արդյունքում մաքսային մարմնի և ԱՏԳ մասնակիցների ու նրանց ներկայացուցիչների միջև շփումը իրականցվում է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքներ են իրականացվել EXIM հարթակի և արհեստական բանականության վրա հիմնված «խելացի» ռիսկերի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ։ Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման գործիքակազմը։
Շարունակվել են սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ ավարտվել է «Բագրատաշեն» սահմանային անցման կետի վերակառուցման առաջին փուլը, ինչպես նաև իրականացվել են Հայաստան–Վրաստան համատեղ սահմանային անցման կետի և հայ-իրանական սահմանին Կանաչ մաքսային միջանցքի ներդրման ուղղությամբ աշխատանքներ։
Միջազգային համագործակցության ոլորտում ևս արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ։ Ապահովվել է միջազգային հարկային ստանդարտների ներդրման առաջընթացը, այդ թվում՝ հաջողությամբ իրականացվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների առաջին ավտոմատ փոխանակումը գործընկեր երկրների հետ։ Տրանսֆերային գնագոյացման ոլորտում ներդրվել են նոր գործիքներ՝ կնքվել է առաջին նախնական գնագոյացման համաձայնագիրը, ինչը նպաստել է հարկային մարմնի և հարկ վճարողների միջև համագործակցության զարգացմանը։
Ամփոփելով տարին՝  Էդուարդ Հակոբյանն արձանագրել է, որ  2025 թվականը հարկային և մաքսային վարչարարության համար եղել է բեկումնային տարի․ ՊԵԿ-ը ոչ միայն ապահովել է հարկային եկամուտների կայուն աճ, այլև շարունակել է կառուցել ավելի արդյունավետ, թվային, թափանցիկ և քաղաքացիներին ու բիզնեսին միտված հարկային և մաքսային համակարգեր։

 

Leave a Comment