«Բարսելոնան» պահանջում է իրավական քայլեր ձեռնարկել Ֆլորենտինո Պերեսի դեմ

«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի պատասխան Մադրիդի «Ռեալի» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի վերջին հայտարարությունների:

Ավելի վաղ մադրիդյան ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ Խոսե Նեգրեյրայի աղմկահարույց գործի առնչությամբ: Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը 7,3 մլն եվրո էր վճարել Նեգրեյրային այն ժամանակահատվածում, երբ վերջինս պաշտոն էր զբաղեցնում Իսպանիայի մրցավարական կոմիտեում:

«Մենք նամակներ ենք հղել Լա Լիգայի նախագահին, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և մրցավարների տեխնիկական կոմիտեի ղեկավարությանը՝ կապված «Ռեալի» նախագահ Պերեսի հայտարարությունների հետ։ «Բարսելոնան» նրա խոսքերը համարում է ոչ միայն իրականությանը չհամապատասխանող, այլև վնաս հասցնող թե՛ առաջնությանը, թե՛ մրցավարական համակարգին։

Նման խոսքերն արատավորում են Իսպանիայի ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլը և խարխլում վստահությունը դրա նկատմամբ։ Մենք կոչ ենք անում առաջնության և մրցավարական համակարգի պատասխանատուներին պաշտպանել իրենց կառույցների հեղինակությունը՝ պարոն Պերեսի դեմ համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելու ճանապարհով»,- ասվում է «Բարսելոնայի» պաշտոնական հաղորդագրության մեջ։

Leave a Comment