Դատարանը, Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեք ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը տնային կալանքը երկարաձգելու անհրաժեշտություն է գտել, իսկ պաշտպանական կողմը պահանջել է ազատ արձակել հոգևորականին։ Դատարանն արքեպիսկոպոսին թույլատրել է ամեն կիրակի մեկնել Էջմիածին՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին։
Գալստանյանն իր խոսքում նշել է, որ անհերքելի փաստ է իր և մյուս մեղադրյալների՝ ահաբեկիչներ չլինելը։
«Ես խնդրանք չունեմ․ ուզում եք՝ որոշեք հետ գնամ ԱԱԾ, Խոր Վիրապ, ինձ ոչինչ չի եղել, մենք ահաբեկիչ չենք։ Մենք հակաահաբեկիչներ ենք»,- ասել է Գալստանյանը և պահանջել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատ արձակումը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 25-ին՝ ժամը 14։30-ին։
«Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան պայքար») ընդդիմադիր շարժման առաջնորդ Գալստանյանը ձերբակալվել էր 2025 թվականի ամռանը։ Քննչական կոմիտեն նրան և նրա մի շարք կողմնակիցներին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, որոնք ներառում են իշխանությունը զավթելու նախապատրաստություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում ու ահաբեկչություն։ Բագրատ Սրբազանը և նրա կողմնակիցները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ հետապնդումը քաղաքական բնույթի է։
