Մոսկվան «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման փաստով բողոքի նոտա է հղել Երևանին

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին»,- հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Զախարովան հավելել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն անմիջապես միացել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին։

«Կատարվածի համապատասխան գնահատականը տրվել է Երևանում մեր դեսպանատան կողմից։ Տեսել ենք հայաստանյան իրավասու մարմինների հաղորդագրությունները ենթադրյալ մեղավորին ձերբազատելու վերաբերյալ»,- նշել է նա։

Անհայտ անձինք հունիսի 11-ին պոկել էին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում տեղադրված խորհրդային հերոս-քաղաքների անվանումների ցուցանակները։ Դեպքին արձագանքել էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից՝ դատապարտելով հուշահամալիրի պղծումը և հայտարարելով, որ Հայաստանի իշխանություններից ակնկալում են տեղի ունեցածի հստակ գնահատական։ Ներքին գործերի նախարարությունը հունիսի 14 -ին հայտնել էր, որ դեպքի առնչությամբ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մշակույթի հուշարձանը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։

Leave a Comment