Դեռևս 2017 թվականի մայիսի 11-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատարին՝ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման և աշխատանքների կազմակերպման օպտիմալացման վերաբերյալ։ Այս հարցին 2017 թվականի մայիսի 20-ին անդրադարձել էր Հայկական կրթական միջավայր պորտալի պաշտոնական կայքը՝ հրապարակելով «Միավորումներն ուղղված են կրթության որակի բարձրացմանը» վերտառությամբ հոդվածը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով կառավարության հանձնարարականների կատարմանը, նշել էր, որ առաջարկությունները ՀՀ կառավարություն են ներկայացվելու սահմանված ժամկետներում:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ընդգծել էր, որ նախարարությունն այժմ մշակում է դպրոցների համալիր զարգացման ծրագիր, որի համատեքստում դիտարկվում են քաղաքային դպրոցների վերախմբավորման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը և դպրոցների գերբեռնված և թերբեռնված աշխատանքը։
«Կրթության որակի հետ կապված մեր խնդիրներից մեկն այն է, որ դպրոցը ժամը 1-ից հետո կա՛մ անցնում է երկրորդ հերթի, կա՛մ փակվում: Այսինքն` երեխան կեսօրից հետո չի մնում դպրոցում, քանի որ խմբակներ և լրացուցիչ կրթության ծառայություններ, որոնք կարող են դպրոցական ռիթմը պահել, չկան: Կառավարության կողմից խնդիր է դրվել ՝ բացառել երկրորդ հերթով դասապրոցեսները: Եթե մենք գնանք երկրորդ հերթի բացառմանը, կստանանք բավականին հետաքրքիր վիճակ` երկրորդ հերթով աշխատող դպրոցների բեռնաթափման հաշվին կլցվեն այն դպրոցները, որոնք թերբեռնված են: Մեր խնդիրը հետևյալն է` քաղաքային բնակավայրերում, հատկապես Երևանում դպրոցների մի զգալի հատված գերբեռնված է, մյուս մասը` թերբեռնված, և մենք ուղղակի այս երկուսին հավասար առաջ գնալու հնարավորություն ենք տալու` միավորելով ուժերը»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ միավորումները կնպաստեն, որպեսզի դպրոցը լիարժեք աշխատի և կատարի իր ամբողջական ֆունկցիան՝ կրթության որակի ապահովման տեսանկյունից: Անդրադառնալով հարցադրմանը, թե օպտիմալացման գործընթացում կարող են լինել մանկավարժների կրճատումներ՝ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Մանկավարժների մեծ մասն աշխատում է կես կամ քառորդ դրույքով, այսինքն` թերբեռնված են աշխատում: Սա այն դեպքը չէ, որ պետք է կրճատումներ անենք: Աշակերտների թիվը կրճատվել է, իսկ ուսուցչական կազմը մնացել է նույնը, սակայն խնդիրն այստեղ ավելի շատ որակն է. եթե ունենք ուսուցիչ, ով 40 000 դրամ աշխատավարձ է ստանում, բնականաբար, նա կրկնուսույցի մեթոդների դիմելու մասին անպայման մտածելու է, քանի որ ստացած աշխատավարձը չի ապահովում լավ աշխատելու մոտիվացիա»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Բացի այդ, ըստ Լևոն Մկրտչյանի՝ Երևանում դպրոցների վերախմբավորումը հնարավորություն կտա զգալի գույքային միջոցներ ազատել, քանի որ, օրինակ, եթե որևէ դպրոցը կառուցված է 1300 աշակերտի համար, իսկ ներկայումս այնտեղ սովորում է 300 աշակերտ, այս դեպքում մի մասնաշենքը կարող է ազատել` խնայելով դպրոցի պահպանման ծախսերը: Նախարարի խոսքով` երբեմն դպրոցները սկսում են վարձակալությամբ տալ իրենց ազատ տարածքները, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Առաջին փուլում կմիավորվեն, կմիաձուլվեն միմյանց մոտ գտնվող դպրոցները: Շատ կարևոր, սկզբունքային հարց է. յուրաքանչյուր տեղ, որտեղ բնակավայր կա, դպրոց անպայման լինելու է, քանի որ մենք պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը»,- նշել է Լ.Մկրտչյանը:
Նյութը վերցված է Հայկական կրթական միջավայր պորտալի կայքից։
Լուսանկարը՝ armedu.am կայքից, 2017 թվական, մայիս
2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել և հրապարակվել է ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանով հաստատվել է ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը, որը ներառում է 232 պետական հանրակրթական մարզային դպրոց։ Ցանկում ընդգրկված են 100-ից պակաս աշակերտ ունեցող՝ ՀՀ 10 մարզերի պետական հանրակրթական դպրոցները։
Հետագայում ցանկում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանով ցանկից հանվել է Արարատի մարզի Արևաբույրի Հ. Թադևոսյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 2026 թվականի հունվարի 30-ի հրամանով՝ Արմավիրի մարզի Բագարանի և Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոցները։
ՀՀ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում հրապարակված վերջին տվյալներով (2026 թվականի հունիսի 16-ի դրությամբ)՝ ՀՀ-ում գործում է 1390 պետական հանրակրթական դպրոց, որտեղ սովորում է 425 հազար 284 աշակերտ և աշխատում 31 հազար 299 ուսուցիչ։
Դպրոցների, սովորողների և դասավանդողների թվաքանակը (տոկոսային եւ թվային) բաշխված է՝ ըստ Երեւան քաղաքի և մարզերի։
Լուսանկարի պատճենը՝ reports.emis.am կայքից
ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, մինչև 2024 թվականը հրապարակել է նաև պետական հանրակրթական դպրոցներում սովորողների թվաքանակը։
«Հայաստանում դպրոցներ չեն փակվում. տարածվող լուրերը կեղծ են»․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հունիսի 14-ին 1lurer.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն հայտնել է, որ Հայաստանում դպրոցներ չեն փակվում, տարածվող լուրերը կեղծ են։
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը հերքել է դպրոցների փակման վերաբերյալ տարածվող պնդումները՝ նշելով, որ որոշ անձինք մանիպուլացնում են տեղեկատվությունը և այն խեղաթյուրված կերպով ներկայացնում հանրությանը։ «Այո, մենք ունենք նախարարի մի հրաման, որով սահմանված է դպրոցների ցանկ, որոնք ինչ-որ եղանակով ֆինանսավորվում են, այսինքն՝ մենք ունենք ֆինանսավորման երկու մոդել, մեկի դեպքում՝ դա դասարան-թվով, մյուսի դեպքում՝ երեխա-թվով, դրանք ցանկեր են, որոնցով սահմանված է, թե տվյալ դպրոցի ֆինանսավորումը ինչպես է իրականացվում, դրանք բացարձակապես դպրոցների փակվելու հետ կապ չունեցող որևէ տեղեկատվություն չեն»,-ասել է Սվաջյանը։
Փոխնախարարը հավելել է, որ տվյալ թեմայի շուրջ շահարկումներին անդրադառնալն անգամ նպատակահարմար չի համարում։
Այսպիսով, ԿԳՄՍ նախարարի տեղակալը հերքում է ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանի շուրջ տարածվող տեղեկությունները, թե ՀՀ-ում փակվելու է 200-ից ավելի դպրոց՝ միաժամանակ հաստատելով, որ նշված հրամանի համատեքստում դպրոցների ֆինանսավորման մոդելն է։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Անի Մկրտչյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։