«Airbus Helicopters»-ը և Հայաստանի Հանրապետությունը վեց H145 ուղղաթիռ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել

«Airbus Helicopters» ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր են կնքել վեց բազմաֆունկցիոնալ H145 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ։ Գործարքը վերջնականապես հաստատվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում և վերջերս արդեն ուժի մեջ է մտել՝ դառնալով կարևոր քայլ Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ կապերի ամրապնդման ճանապարհին։

Այս բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներն օգտագործվելու են փոխադրումների համար։ Սա «Airbus Helicopters»-ի հետ Հայաստանի առաջին պայմանագիրն է, որով հիմք է դրվում երկրի ուղղաթիռային պարկի արդիականացմանը՝ իր դասի ամենաճկուն և հուսալի մոդելներից մեկի միջոցով։

«Այս անդրանիկ պայմանագիրը մեր ընկերության և Հայաստանի միջև խորացող գործընկերության վկայությունն է։ Մենք հպարտ ենք աջակցել երկրին իր ավիացիոն հնարավորությունների զարգացման գործում»,- նշել է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի ղեկավար, փոխնախագահ Լյուդովիկ Բուաստոն։ Նա հավելել է. «Ակնկալում ենք երկարատև ու արդյունավետ համագործակցություն և պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր կապերը»։

H145 ուղղաթիռներն աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ, հատկապես բարձրլեռնային ու շոգ պայմաններում, ինչի շնորհիվ լիովին համապատասխանում են Հայաստանի բարդ ու լեռնային աշխարհագրությանը։

Աշխարհում շահագործվում է H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռ, որոնց ընդհանուր թռիչքային ժամանակը գերազանցում է 8,5 միլիոն ժամը։ Ուղղաթիռն աշխատում է երկու «Safran Arriel 2E» շարժիչով և հագեցած է շարժիչի թվային կառավարման ինքնավար համակարգով (FADEC), ինչպես նաև «Helionix» թվային ավիոնիկայի (օդանավային էլեկտրոնիկայի) համակարգով։

Leave a Comment