ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» (ԱՄԺԴ) կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՍԴ-ից։

Գործը քննվել է գրավոր ընթացակարգով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի նախագահությամբ։ Կառավարությունը դատարանում ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ԱՄԺԴ կանոնադրությունն ընդունվել է 2023 թվականի ապրիլի 24-ին և նպատակ ունի խթանել Ասիայում մշակութային ժառանգության պահպանությունն ու արդյունավետ կառավարումը, ամրապնդել երկրների միջև համագործակցությունը, զարգացնել մշակութային կապերը և նպաստել տարածաշրջանում ընդհանուր մշակութային արժեքների պահպանմանը։

Կանոնադրության համաձայն՝ դաշինքի գործունեությունն ընդգրկում է մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման համատեղ ծրագրերի իրականացումը, հնագիտական և թանգարանային համագործակցության զարգացումը, համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխարգելումը և կորած մշակութային արժեքների վերադարձի դյուրացումը։

Դաշինքը կազմված է Ընդհանուր ժողովից, Խորհրդից, Գիտական կոմիտեից և Քարտուղարությունից։ Այն նաև կազմակերպում է միջազգային համաժողովներ, ֆորումներ, մասնագիտական վերապատրաստումներ և փոխանակման ծրագրեր մշակութային ժառանգության ոլորտում։

Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ 2024 թվականին արդեն քննության էր առել մշակութային ժառանգության ոլորտում գործող համանման կառույցի՝ «Մշակութային ժառանգության ասիական դաշինքի» կանոնադրությունը։ Սակայն նոր կանոնադրությամբ կազմակերպության կարգավիճակը փոփոխվել է, և այն ներկայումս գործում է որպես միջկառավարական կազմակերպություն՝ միջազգային հանրային իրավասուբյեկտությամբ։

Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պահպանել կազմակերպության կանոնադրական պահանջներն ու որոշումները, պաշտպանել դաշինքի շահերն ու օրինական իրավունքները, մասնակցել և աջակցել կազմակերպության միջոցառումներին, նպաստել դրա միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև նշանակել լիազոր մարմին՝ քարտուղարության հետ կապն ապահովելու և ընթացիկ համագործակցությունը համակարգելու նպատակով։

Գործի նյութերի ուսումնասիրությունից հետո Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ ստանձնվող պարտավորությունները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և համահունչ են միջազգային համագործակցության ու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Հայաստանի որդեգրած քաղաքականությանը։

Դատարանի որոշմամբ՝ «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխան։ Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Leave a Comment