Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հունիսի 16-ին կայացրած որոշմամբ հակասահմանադրական և անվավեր է ճանաչել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն մասով, որ չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող փոխկապակցված քաղաքացիական գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն։ Iravaban.net-ը տեղեկանում է ՍԴ-ից։
Գործը քննվել է Քնարիկ Սահակյանի դիմումի հիման վրա։ Դիմողը վիճարկել էր օրենսդրական կարգավորումը՝ պնդելով, որ այն խոչընդոտում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իր իրավունքների իրացմանը։
Դիմումի հիմքում ընկած են եղել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող երկու փոխկապակցված քաղաքացիական գործեր։ Մեկով մայրը պահանջել է երեխայի բնակության վայրը սահմանել իր բնակության վայրում և բռնագանձել ալիմենտ, մյուսով հայրը պահանջել է ամուսնալուծություն և երեխայի բնակության վայրը սահմանել իր բնակության վայրում։ Գործերը գտնվել են տարբեր դատավորների վարույթում, սակայն գործող օրենսդրությունը չի նախատեսել դրանք մեկ վարույթում միավորելու ընթացակարգ։
Սահմանադրական դատարանը նշել է, որ նման իրավիճակներում գործերի առանձին քննությունը կարող է հանգեցնել հակասական դատական ակտերի ընդունման, դատավարության անհարկի ձգձգման և դատական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման։
Դատարանն ընդգծել է, որ հատկապես երեխաների շահերին առնչվող վեճերում պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը և վեճերի արագ ու արդյունավետ լուծումը։
Որոշման մեջ արձանագրվում է, որ Հայաստանի վարչական և քրեական դատավարական օրենսգրքերն արդեն նախատեսում են տարբեր դատավորների վարույթներում գտնվող փոխկապակցված գործերի միավորման հնարավորություններ։ Միաժամանակ, քաղաքացիական դատավարությունում նման կառուցակարգի բացակայությունը, ըստ Սահմանադրական դատարանի, անհիմն սահմանափակում է դատավարական արդյունավետությունը և վտանգում արդար դատաքննության իրավունքի իրացումը։
Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով չի նախատեսում տարբեր դատավորների վարույթներում գտնվող մի քանի միատեսակ և փոխկապակցված քաղաքացիական գործերի միավորման հնարավորություն, հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին՝ համակցված Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջների հետ։
Դատարանի որոշմամբ վիճարկվող դրույթը ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր։ Միաժամանակ սահմանվել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը կարող է վերանայվել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով՝ օրենքով սահմանված կարգով։
Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։