Նախագծի փոփոխության եւ լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով: Նախաձեռնությամբ առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել եւ կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրանց համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին եւ ընթացիկ կարիքներին:
Առաջին ընթերցմամբ խորհրդարանը հունիսի 17-ին քննարկել է ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի տեղեկացմամբ նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի հավատարմագրման ոլորտի կարգավորման հստակությունն ու կիրառելիությունը, կներդրվեն նոր հասկացություններ եւ մեխանիզմներ (օրինակ՝ համապատասխանության գնահատման սխեմա, տեխնիկական գնահատող), կսահմանվեն հստակ ընթացակարգեր՝ բողոքարկման, գնահատման, ռեեստրների վարման համար, կսահմանվեն ընթացակարգեր՝ համապատասխանության գնահատման սխեմաների մասնագիտական վերլուծության համար, կավելանան հավատարմագրման կասեցման եւ դադարեցման հիմքերը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: