ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է դպրոցներում քաղաքական քարոզչության դեպքերը․ մի շարք տնօրենների նկատմամբ կիրառվել են խիստ նկատողություններ

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային քննարկումների կենտրոնում հայտնվեցին կրթական հաստատությունների՝ քաղաքական գործընթացներին մասնակցության վերաբերյալ հրապարակումները։ Մասնավորապես, մայիսի 13-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարեց, որ ստացել է ահազանգեր հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների, աշխատակիցների և սովորողների կողմից աշխատանքային ժամերին ու ուսումնական գործընթացի ընթացքում քաղաքական քարոզարշավին մասնակցության վերաբերյալ։

Առավել մեծ արձագանք ստացավ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում արձանագրված դեպքը, որի կապակցությամբ նախարարությունը հայտարարեց, որ նախաձեռնելու է առանձին ուսումնասիրություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված հետևանքները կիրառելու նպատակով։

Iravaban.net-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում նախաձեռնված ուսումնասիրությունը, արդյոք այն ավարտվել է, ինչ փաստական հանգամանքներ են արձանագրվել, եղել են արդյոք օրենսդրական խախտումներ, կիրառվել են կարգապահական միջոցներ, ինչպես նաև՝ ինչ քայլեր են ձեռնարկվել նմանատիպ դեպքերի կանխարգելման համար։

Ի պատասխան հարցման՝ նախարարությունը հայտնել է, որ Արագածոտնի մարզում արձանագրված դեպքի վերաբերյալ նախաձեռնված ուսումնասիրությունը դեռևս ավարտված չէ։ Միաժամանակ գերատեսչությունը տեղեկացրել է, որ ուսումնասիրության շրջանակում կազմված արձանագրություններն արդեն ուղարկվել են համապատասխան իրավապահ մարմիններին։

Չնայած ուսումնասիրության ընթացիկ փուլին՝ նախարարությունը ներկայացրել է մի շարք փաստական հանգամանքներ, որոնք արդեն իսկ արձանագրվել են։ Մասնավորապես, ըստ ԿԳՄՍ նախարարության, Արագածոտնի մարզի Արագած, Քուչակ և Բերքառատ գյուղերի հանրակրթական դպրոցների մանկավարժներն ու սովորողները մասնակցել են քաղաքական քարոզարշավի միջոցառումների աշխատանքային ժամերին և ուսումնական գործընթացի ընթացքում։

Նախարարությունը փաստել է, որ արձանագրված գործողությունները հակասում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին, համաձայն որի՝ ուսումնական հաստատություններում արգելվում է քաղաքական գործունեության իրականացումն ու քաղաքական քարոզչությունը։ Այսպիսով, գերատեսչությունը պաշտոնապես արձանագրել է կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում։

Հարցման պատասխանից նաև պարզ է դառնում, որ արդեն կիրառվել են կարգապահական միջոցներ։ Մասնավորապես, նշված դպրոցների տնօրենների նկատմամբ նշանակվել են կարգապահական տույժեր՝ խիստ նկատողության ձևով։

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է նաև այն քայլերը, որոնք ձեռնարկվել են հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ դեռևս 2026 թվականի մայիսի 12-ին հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղարկվել է շրջաբերական գրություն, որով շեշտադրվել է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջը՝ դպրոցներում քաղաքական գործունեության և քաղաքական քարոզչության անթույլատրելիության վերաբերյալ։

Բացի այդ, շրջաբերականով հատուկ անդրադարձ է կատարվել նախընտրական գործընթացներին մասնակցող կրթության ոլորտի աշխատակիցներին։ Նախարարությունը հստակեցրել է, որ այն անձինք, որոնք ընդգրկված են որևէ քաղաքական կուսակցության նախընտրական ցուցակում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավունք չունեն համատեղել իրենց մասնագիտական պարտականություններն ու քաղաքական քարոզչական գործունեությունը։

Նախարարության պատասխանից պարզ է դառնում նաև, որ Արագածոտնի մարզում արձանագրված դեպքը միակը չէ։ Համանման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ են ստացվել և ուսումնասիրվել նաև այլ մարզերում և կրթական հաստատություններում։

Մասնավորապես, Սյունիքի մարզի Արծվանիկի միջնակարգ դպրոցի և Արագածոտնի մարզի Պարտիզակի Ահարոնի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողների կամ աշխատակիցների կողմից տարածվել էին հաղորդագրություններ, որոնք առնչվում էին քաղաքական բնույթի քարոզարշավին մասնակցությանը։

Նախարարության տվյալներով՝ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի նախակրթարանի աշխատակիցները աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի։

Մեկ այլ դեպքով՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում անձնակազմի ներկայացուցիչը՝ ուսմասվարը, դասերի ընթացքում պարբերաբար արտահայտել է քաղաքական դիրքորոշում։

ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է նաև, որ քաղաքական քարոզչության դեպքեր են արձանագրվել Հայաստանի ամերիկյան համալսարանում, որտեղ, ըստ պատասխանի, դասախոսների կողմից պարբերաբար իրականացվել է քաղաքական քարոզչություն։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ վերոնշյալ բոլոր դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք քննարկելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու և արդյունքների մասին նախարարությանը տեղեկացնելու նպատակով։

Նախարարությունը անդրադարձել է նաև Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում քաղաքական քարոզչության վերաբերյալ համացանցում տարածված տեղեկություններին։ Ըստ պատասխանի՝ հարցն ուսումնասիրվել է, ինչի արդյունքում գրադարանավարուհու նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։ Բացի այդ, վերջինս ազատվել է նաև կուրսղեկի պարտականություններից։

Այսպիսով, նախարարության պաշտոնական պատասխանը փաստում է, որ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության և քաղաքական գործունեության արգելքի խախտումների դեպքեր արձանագրվել են ոչ միայն Արագածոտնի մարզում, այլև հանրապետության տարբեր մարզերում և տարբեր կրթական հաստատություններում։ Մի շարք դեպքերով արդեն կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, իսկ որոշ նյութեր փոխանցվել են իրավապահ մարմիններին և ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա իրավական գնահատական ստանալու և համապատասխան ընթացակարգեր իրականացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Արագածոտնի մարզում արձանագրված դեպքի վերաբերյալ նախարարության նախաձեռնած ուսումնասիրությունը շարունակում է մնալ ընթացիկ փուլում։

Leave a Comment