Պուտինի քննադատ գիտնականը ազատ արձակվեց

Երեք օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված հայտնի մաթեմատիկ Միխայիլ Վերբիցկին քիչ առաջ ազատ արձակվեց։ Փաստաբանի խոսքով, դա նշանակում է, որ ՌԴ իրավապահները նրան կալանավորելու միջնորդություն Հայաստանի դատախազություն չեն ուղարկել։

Վերբիցկին, սակայն, չի կարող հեռանալ Հայաստանից։

Փաստաբան Վաչե Սիմոնյանն ասաց՝ պայմանավորված է ՌԴ կողմից նրան առաջադրված մեղադրանքով և հայտարարված հետախուզման։ Քանի դեռ գիտնականը հետախուզվում է, Հայաստանը նրան չի կարող թույլ տալ հատել սահմանը։ Մաթեմատիկն «Ազատությանն» ասաց՝ ստիպված կմնա այստեղ։

Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած և միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը որոնում է 2025-ից:

Նրա պաշտպան Վաչե Սիմոնյանը պատմել է՝ Հայաստանի սահմանն անցնելիս են Վերբիցկուն հայտնել, որ ռուս իրավապահները նրա դեմ գործ են հարուցել ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով և հետախուզում հայտարարել:

Գիտնականն ակտիվորեն քննադատում է պուտինյան ռեժիմն ու Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմը։

Leave a Comment