Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի փորձագիտական աջակցությամբ մշակված «Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը, տրամադրվող եզրակացության և տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի նպատակն է ձևավորել բազմամասնագիտական խորհուրդներ, որոնք օրենքով սահմանված դեպքերում մասնագիտական աջակցություն կցուցաբերեն երեխայի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում՝ նպաստելով երեխայի լավագույն շահի ապահովմանը և կանխելով հնարավոր թերացումները։
Ինչո՞ւ են ստեղծվում երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդներ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագծով առաջարկվում է ստեղծել երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդներ, որոնք կգործեն մարզային և Երևանի քաղաքային մակարդակներում։
Ներկայումս երեխաների պաշտպանության համակարգում բացակայում են այնպիսի մասնագիտական հանձնախմբերը, որոնք կարող են աջակցել համայնքներին երեխայի պաշտպանության վերաբերյալ բարդ և բազմաշերտ որոշումների կայացման գործընթացում։ Արդյունքում, որոշ դեպքերում որոշումները կարող են հիմնվել մեկ մասնագետի եզրակացության վրա, ինչը մեծացնում է սխալների և ռիսկերի հավանականությունը։
Նախագծով նախատեսվող խորհուրդները կհամախմբեն տարբեր ոլորտների մասնագետների և իրենց եզրակացություններով կաջակցեն երեխայի լավագույն շահերից բխող որոշումների ընդունմանը։ Նպատակն է բացառել միանձնյա որոշումների կայացումը և նվազեցնել երեխայի կյանքի, առողջության կամ բարեկեցության համար հնարավոր վտանգները։
Խորհուրդները կանդրադառնան նաև այն դեպքերին, երբ երեխան արդեն բաժանվել է ընտանիքից՝ գնահատելով նրա խնամքի անհրաժեշտությունը և պարբերաբար վերանայելով ընդունված որոշումները։ Բացի այդ, դրանք կներգրավվեն խնամատարության, որդեգրման, խնամակալության և հոգաբարձության գործընթացներում՝ տրամադրելով մասնագիտական առաջարկություններ։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ խորհուրդների ստեղծումը կնպաստի երեխայի պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացմանը, համայնքների աջակցմանը և երեխայակենտրոն որոշումների կայացմանը։
Խորհուրդների գործունեության անհրաժեշտությունը բխում է մարզպետների ու Երևանի քաղաքապետարանի երեխայի պաշտպանության լիազորություն ունեցող ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունից այնքանով, որ վերջինները ստիպված չեն լինի մեկ մասնագետի ուսումնասիրության արդյունքում որոշում կայացնել և ունենալ բարձր ռիսկայնության հավանականություն՝ հաշվի առնելով դեպքերի բազմաշերտ, բարդ բնույթը, ինչպես նաև համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության գործընթացի արդյունավետությունից՝ հիմք ընդունելով այն, որ համայնքները կունենան աջակցող օղակներ՝ երեխայակենտրոն որոշումներ կայացնելու համար։
Մարզային մակարդակում մասնագիտական օղակի կարևորությունը մեզանում ապացուցվել է մի շարք երկրների օրինակներով, որոնք ներկայացվում են ստորև․
Շոտլանդիայում երեխաների պաշտպանության կոմիտեները[1] տեղական միջգերատեսչական ռազմավարական գործընկերություններ են, որոնք ղեկավարում են երեխաների պաշտպանության տեղական քաղաքականության և պրակտիկայի մշակումը: Դրանք ներառում են բոլոր տեղական ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին, որոնք նպաստում են երեխաների և երիտասարդների պաշտպանությանը։ Շոտլանդիայի Երեխաների պաշտպանության կոմիտեն (CUP Scotland) միավորում է երեխաների պաշտպանության միջգերատեսչական համայնքի լայն գիտելիքներն ու փորձառությունը։ Շոտլանդիայի Երեխաների պաշտպանության կոմիտեները, Շոտլանդիայի կառավարության և այլ գործընկերների հետ միասին, կոչված են առանցքային դեր խաղալ ամբողջ երկրում երեխաների պաշտպանության գործում՝ աջակցելով արդյունավետ գործընթացների, միասնական ստանդարտների մշակմանն ու ներդրմանը և շարունակական կատարելագործմանը: Կոմիտեն պատասխանատու է մի շարք գործողությունների համար, որոնց թվում․
- Խթանել երեխաների պաշտպանության քաղականությունը և նպաստել պրակտիկայի զարգացմանը
- Տեղեկանալ ազգային մակարդակում քաղականություն երեխաների պաշտպանության քաղաքականության զարգացումներին
- Կարծիքներ փոխանակել երեխաների պաշտպանության ոլորտում նոր օրենսդրության, քաղաքականության և գործնական առաջարկությունների ազդեցության և ներդրման հետ կապված հարցերի շուրջ
- Ընդլայնել գործընկերների ցանցը
- Նպաստել հանրային պաշտպանության ավելի լայն ծրագրին;
Ֆիլիպիններում չնայած նրան, որ ազգային մակարդակում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեն՝ մարզային մակարդակում ևս ստեղծվել է համանման խորհուրդներ՝ հաշվի առնելով աշխարհագրական հանգամանքներով պայմանավորված աղետների և ճգնաժամերի մեծ ռիսկը։ Մարզային այս խորհուրդները[2] ստեղծվում են յուրաքանչյուր մարզի համար մեկական՝ պատասխանատու լինելով ամբողջ մարզի համար։ Խորհուրդներն ունեն ներքոգրյալ գործառույթները․
- Միավորել գործընկերների ջանքերն արտակարգ իրավիճակներում երեխաների պաշտպանության խնդիրները լուծելու համար ՝ օգտագործելով կլաստերային մոտեցում արտակարգ իրավիճակներից առաջ, ընթացքում և հետո;
Մեկ ֆորումում հավաքել տուժած տարածքներում աշխատող Երեխաների պաշտպանության մասնակիցներին և գործընկերներին ինչպես բնական, այնպես էլ տեխնածին աղետներից ՝ ժամանակին և համախմբված ապահովելու համար Երեխաների պաշտպանության խնդիրների մոնիտորինգ և հաշվետվություն;
- Նպաստել ռազմավարությունների մշակմանը և համակարգմանը և Երեխաների պաշտպանության պատասխան միջոցառումներ;
- Անհրաժեշտության դեպքում հասնել իշխանությունների և մարդասիրական կազմակերպությունների աջակցությանը և աջակցությանը;
Մարզային այս խումբն ունի նախագահ և համանախագահ, որը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է։
Ռուսաստանում գործում է տարածաշրջանային հանձնակատարների ինստիտուտը[3]։ Յուրաքանչյուր տարի ըստ գործողությունների ծրագրի տարածաշրջանային ինստիտուտները, բացի իրենց հիմնական գործառույթներից, կենտրոնանում են հիմնական որևէ խնդրի լուծմանը։ 2025 թվականի ծրագրի համաձայն նրանց համար համար առանցքային է լինելու սոցիալական որբության կանխարգելումը։ Հանձնակատարի գործունեության հիմնական ուղղությունը երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է համակարգային խախտումները վերացնելու, ընդհանուր առմամբ իրավիճակը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը՝ Երեխայի իրավունքների կրկնվող խախտումների ուսումնասիրության և վերլուծության հիման վրա:
Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատարի պաշտոնը հիմնադրվել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի թիվ 986 հրամանագրով «Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատարի մասին»՝ Երեխաների իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար: Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների պետական \u200b\ u200b մարմիններին առաջարկվել է նաև ստեղծել երեխայի իրավունքների հանձնակատարի պաշտոն: Հրամանագրի ստորագրման պահին մանկական օմբուդսմեններն արդեն գործել են երկրի 18 շրջաններում։ Ուղիղ մեկ տարի անց դրանք արդեն 48-ն էին, իսկ 2010-ի վերջին՝ 62-ը։ Եվ արդեն 2015 թվականի սկզբին ինստիտուտի կայացումն ավարտվել է բոլոր 85 շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում և Սևաստոպոլում։ Երեխայի իրավունքների հանձնակատարների աշխատանքի առաջին տարիներն արդեն ցույց են տվել, որ երեխաների իրավունքների ապահովմանն ուղղված պետական մարմինների (հիմնարկների) կողմից երեխաների իրավունքների խախտման խնդիրը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարումը շատ սուր է: Այս առումով, երեխայի իրավունքների հանձնակատարի պաշտոնում իր տարածքում գտնվող հաստատությունը Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների իշխանությունների կողմից դիտարկվում էր որպես երեխաների իրավական պաշտպանության որակապես նոր ձև ստեղծելու նպատակահարմար քայլ:
Մոլդովայում երեխայի պաշտպանության առաջին օղակը համայանքային մակարդակում գործող խնամակալության և հոգաբարձության մարմիններն են, որոնց պատասխանատու են երեխայի պաշտպանության համար, այդ թվում ռիսկային իրավիճակներում երեխային՝ ընտանիքից դուրս բերելու համար, սակայն սրան զուգահեռ տարածքային մակարդակում ևս գործում է խնամակալության մարմին (անդամները տարբեր ոլորտներում երեխաների հետ առնչություն ունեցող անձինք են՝ կրթության, առողջապահության, իրավապահ մարմինների, սոցիալական պաշտպանության ոլորտներից)[4], որն ունի հետևյալ պարտականությունները․
- ստանում և գրանցում է ծանուցումներ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ՝ իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
- աջակցություն է ցուցաբերում խնամակալության և հոգաբարձության տեղական մարմիններին հայտնաբերման, գնահատման գործում և օգնություն ցուցաբերում ռիսկի տակ գտնվող երեխաներին և ծնողներից բաժանված երեխաներին, և անհրաժեշտության դեպքում մասնակցում է գործընթացին,
- համագործակցելով խնամակալության և հոգաբարձության տեղական մարմնի հետ՝ ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ’ կանխելու երեխային ընտանիքից բաժանումը,
- ապահովում է ծնողներից բաժանված երեխաների տեղավորումը,
- ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակի սահմանումը/վերացումը ժամանակավոր կամ մշտական հիմունքներով,
- ապահովում է խնամատար երեխայի կարգավիճակի սահմանումը,
- վարում է ժամանակավոր կամ մշտական հիմունքներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումը, որոնք պլանավորված ձևով ստանում է խնամակալության և հոգաբարձության տեղական մարմինների կողմից՝ վերջիններիս հաշվառումից հետո,
- ապահովում է երեխաների շահերի և իրավունքների ներկայացուցչությունը դատարանում,
- ապահովում է հաստատությունների, կառույցների և ծառայությունների ազգային մակարդակով համագործակցությունը, որոնց վրա դրված են երեխաների պաշտպանության պարտականությունները, որոշում է ներգրավված մասնագետների մասնագիտական զարգացման կարիքները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում,
- վերլուծում է այն վարչական-տարածքային միավորի երեխաների վիճակի վերաբերյալ տվյալները, որտեղ նա իրականացնում է իր գործունեությունը և առաջարկություններ է ներկայացնում մարզային / համայնքային ավագանուն բացահայտված կարիքներին համապատասխան սոցիալական ծառայությունների ստեղծման կամ զարգացման նպատակով,
- միջոցներ է ձեռնարկում երեխաների իրավունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,
- համագործակցում է խնամակալության և հոգաբարձության տեղական, տարածքային և կենտրոնական մարմինների հետ’ ռիսկի տակ գտնվող երեխաների և ծնողներից բաժանված Երեխաների պաշտպանություն, ներառյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ փոխադարձ ծանուցման միջոցով։
Ղազախստանում 2024 թվականի հունիսին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավական ուժ է տրվել երեխաների իրավունքների պաշտպանության տարածաշրջանային հանձնակատարների ինստիտուտին։ 2022 թվականից ի վեր տարածաշրջանային հանձնակատարները երկրի 20 մարզերում[5] ծավալել են գործունեություն և վերջիններիս աշխատանքի արդյունավետության հաշվի առնմամբ որոշում է կայացվել իրականացնել օրենսդրական փոփոխություններ։
Տարածաշրջանային/մարզային հանձնակատարները համակարգում են միջգերատեսչական փոխգործակցությունը, վերահսկողության տակ են պահում երեխաների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպք և հանդիսանում են իրենց տարածաշրջանում երեխաների իրավունքների հանձնաժողովի անդամներ: Ինչպես նշում են պաշտոնական աղբյուրները՝[6] երեխաների իրավունքների տարածաշրջանային հանձնակատարների ինստիտուտի ներդրումը կարևոր քայլ է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման գործում: Ըստ պատասխանատուների՝ դա թույլ կտա առավել արդյունավետ արձագանքել երեխաների իրավունքների խախտումներին և կանխել դրանք՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի հուսալի պաշտպանություն և աջակցություն: Մարզային այս հանձնակատարն ընտրվում է տեղական իշխանությունների կողմից։ Հանձնակատարները սերտորեն աշխատում են սոցիալական ծառայությունների դեպարտամենտի, կրթության ոլորտի տեղական ներկայացուցիների հետ, առողջապահական կազմակերպությունների, իրավաբանական գործունեություն ծավալող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, երեխաների պաշտպանությանը վերաբերող օրենսդրության մշակման համար պատասխանատու մարմինների հետ։ Տարածաշրջանային հանձնակատարները մոնիթորինգ են իրականացնում երեխաների պաշտպանության տեղական մարմինների գործունեության նկատմամբ՝ համոզվելով, որ նրանք հետևում են երեխաների պաշտպանության ազգային օրենքներին և քաղաքականությանը: Նրանք նպաստում են միջգերատեսչական համագործակցությանը տարբեր ոլորտների միջև, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և իրավապահ մարմինները, երեխաների պաշտպանության խնդիրները համապարփակ լուծելու համար: Նրանք զեկուցում են երեխաների պաշտպանության տարածաշրջանային խնդիրների մասին Երեխաների իրավունքների ազգային հանձնակատարին և այլ համապատասխան ազգային մարմիններին՝ նպաստելով երեխաների սոցիալական ապահովության ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ ռեսուրսների հատկացմանը կամ քաղաքականության վերանայմանը։
Ի՞նչ է առաջարկվում
Առաջարկվում է կարգավորել Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդների կազմավորման և գործունեության իրավահարաբերությունները։ Խորհուրդները գործելու են մարզերում՝ մարզպետների աշխատակազմերին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետրանին կից։ Խորհուրդների գործունեությունն ապահովվելու է մարզերում՝ մարզպետների աշխատակազմերի, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետրանի կողմից։ Խորհրդի անդամներն ընդգրկվում են ի պաշտոնե, իսկ հրավիրյալ անդամները՝ համաձայնությամբ։ Խորհուրդների անդամների համար ապահովվելու է մասնագիտական կատարելագործման դասընթացներ՝ Սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ բազմամասնագիտական խորհուրդներ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում մասնագիտական աջակցություն կցուցաբերեն երեխայի վերաբերյալ կայացվող որոշումներում՝ կանխելով որոշումների կայացման ընթացքում հնարավոր թերացումները։ Բացի այդ, որոշման ընդունման արդյունքում կսահմանվեն հստակ ձևաթղթեր՝ ապահովելով պատշաճ կարգով եզրակացությունների և տեղեկանքների տրամադրումը։
Բյուջետային ազդեցություն
Նախագծի ընդունման արդյունքում բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
Կապը ռազմավարական ծրագրերի հետ
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2020-ի 04 մեգանպատակից՝ հաշվի առնելով այն, որ փոփոխությունը նպաստում է երեխաների նկատմամբ ամբողջական և լիարժեք հոգածության ապահովմանը՝ մասնավորապես փոփոխությամբ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանության դեպքերում կցուցաբերվի մասնագիտական աջակցություն՝ այլընտրանքային խնամքի անցման և վերամիավորման փուլում, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ համայնքային մակարդակում երեխայի պաշտպանության գործընթացում անհրաժեշտություն կառաջանա բազմամասնագիտական Խորհրդի դիտարկման և աջակցության։ Նախագիծը բխում է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 10-ի թիվ 101-Ա որոշման Հավելվածի 5-րդ կետից։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
«Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»,-տեղեկացնում է Iravaban.net-ը։