2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար քաղաքացիները ՀՀ պետական եկամուտների կոմիտե հայտարարագիր ներկայացնելուց, դրանում կարող են չներառել նվազեցվող (չհարկվող) եկամուտների հետևյալ տեսակները՝
- հաշվետու տարվա ընթացքում ստացված վարկերը,
- կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ստացված եկամուտները,
- գործուղման ծախսերի փոխհատուցումները,
- ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները,
- գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները,
- գովազդային վիճակախաղերում ստացված մինչև 50 հազար դրամ դրամական և իրային մրցանակները,
- մրցույթներում ստացված մինչև 50 հազար դրամ դրամական և իրային շահումները,
- պետական պարգևները (մրցանակները),
- զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ բնամթերային եկամուտները, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների) ստացվող դրամական ապահովությունը,
- դոնորության համար ստացվող եկամուտները և այլն։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում, արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում, հայտնում ենք, որ եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել եք առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և անկանխիկ եղանակով Ձեզ վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։
Ինչպես հիշեցնում է Իրավաբան.net-ը, 2025 հաշվետու տարվա համար ներկայացվող հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։